Հրանուշ Հակոբյանը ընդունեց սփյուռքահայ ուսուցիչներին
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Համահայկական կրթական երրորդ համաժողովի մասնակից սփյուռքահայ ուսուցիչների հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Ողջունելով ուսուցիչներին` Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ մանկավարժների ավանդական դարձած վերապատրաստման կազմակերպումը Հայրենիքում և կարևորեց Սփյուռքի մանկավարժների դերակատարությունը հայապահպանություն գործում։ Նա ներկայացրեց նաև հոկտեմբերին ստեղծվելիք նախարարության նպատակներն ու խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կառույցի գործառույթները և լիազորությունների շրջանակը։
Ուսուցիչների հետ մտքեր փոխանակվեցին համատեղ ծրագերր իրականացնելու և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման նվիրված հետագա համատեղ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Նույն օրը Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ։ Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը պատրիարքին ներկայացրեց Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման տեսլականը։ Մտքեր փոխանակվեցին սփյուռքահայությանը հուզող խնդիրների, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայոց լեզվի և գրականության, Հայոց Պատմության դասագրքերի վերահրատարակման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև համահայկական մարդահամարի կազմակերպման գործում Կաթողիկե եկեղեցու օգնության մասին։










