ՀՀ նախագահն այցելեց ՀՊՃՀ` ծանոթանալու բուհական ընդունելության քննությունների ընթացքին
Բուհական ընդունելության քննությունների ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Հայաստանի պետական ճարտագիտական համալսարան, որտեղ կենտրոնացված կարգով քննություն էր կազմակերպված «Ֆիզիկա» արարկայից։ Քննությանը նախատեսված էր 229 դիմորդի մասնակցություն, բացայում էր 4 հոգի։
Փոքր-ինչ հետևելով քննական գործընթացին` ՀՀ նախագահը հանդիպեց նաև դիմորդների ծնողներին, որոնցից մի քանիսն իրենց գոհունակությունը հայտնեցին քննությունների ընդհանուր մակարդակից` նշելով, որ բարձր միավորների սակավ թիվն ապահովում է նաև օբյեկտիվ մրցույթ։ Ս.Սարգսյանը կարևորեց ծնողների լավատեսությունն ու դիմորդներին մաղթեց հաջողություններ։
ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, ամփոփելով մինչ այսօր կազմակերպված քննոuթյունների արդյունքները, նշեց, որ ընդհանուր առմամբ դրանք հաջող են անցնում թե կազմակերպչական, թե բովանդակային առումով։ Լուրջ միջադեպեր չեն արձանագրվել, չկա դիմորդների և ծնողների դժգոհություն։
Կազմակերպվող 14 առարկաների քննություններից 20 միավորներ ստացողները սակավաթիվ են, սակավ են նաև 18-20 միավորները։ Տարածված գնահատականը 14-14,5-ն է։ «Կարծում եմ, մի շարք առարկաների գծով մրցութային անցողիկ շեմը կիջնի։ Ի տարբերություն նախորդ տարիներին արձանագրված մասնագետների վիճաբանություններին ու քննարկումներին հարցատոմսերի բովանդակության վերաբերյալ, այս տարի նման դեպքեր գրեթե չկան։ Հանրապետական ընդունող հանձնաժողովը գոհ է քննական գործընթացից»,-ասաց ԿԳ նախարարը։
Քիչ են նաև բողոքարկումները։ Առարկայական հանձնաժողովներն ուղղորդվում են նույն չափանիշներով, ինչ քննական գործընթացի սկզբնական շրջանում։ «Դիմորդները զգում են, որ իրենց ստացած գնահատականն արտահայտում է այդ օրը քննության ժամանակ իրենց դրսևորած գիտելիքների մակարդակը»,- ավելացրեց Ս.Սեյրանյանը։
Քննությունից բացակայելու, քննական օրը հետաձգելու մասին հասարակության մեջ շրջանառվող լուրերին, թե լրացուցիչ օրը բարձր արդյունքներ կգրանցվեն, նախարարն առարկեց` հիշեցնելով, որ մեկ ամիս առաջ միասնական համակարգով լրացուցիչ քննությունների գնահատականներն անհամեմատ ցածր էին հիմնական քննությունների արդյունքներից։
«Քննությունների ավարտին մնացել է 4 օր, և չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կլինեն»,- ասաց Ս.Սեյրանյանը։ Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն ամենաուշը օգոստոսի 14-ին։
Ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Ռոմա Ալավերդյանի տեղեկացմամբ, այս առարկայից ամենաբարձր միավորը եղել է 19.8-ը, իսկ միջին միավորրը` 15-17-ը։ Շատ են անբավարար ստացող դիմորդները։ Գանգատարկումներն անցած տարիների համեմատ քիչ են, արդյունքում բարձրացումները եղել են 1 միավորի շրջանակներում։ «15 միավորից բարձր գնահատված քննական աշխատանքները ստուգվում են մի քանի անգամ տարբեր ստուգողների կողմից, այդ պատճառով էլ վրիպումներ գրեթե չեն լինում»,- ասաց նա։










