Microsoft-ը գործառնական նոր համակարգ է մշակում
Աշխարհում ծրագրային ապահովման խոշորագույն Microsoft ընկերությունը սկսել է գործառնական նոր համակարգի մշակումը, որն ապագայում կարող է փոխարինել հնացող Windows-ին։
Ընդ որում՝ Midori անվանմամբ գործառնական նոր համակարգը նման չէ Microsoft-ի բոլոր նախկին ապրանքներին։ Midori-ի հիմնական տարբերությունն այն է, որ այս համակարգը, ի սկզբանե, մշակվում է որպես ինտերնետային ուղղվածություն ունեցող գործառնական համակարգ, որը համակարգչային ծրագրերը «մետաղից» անկախ է դարձնելու (համակարգչային ծրագրերը տեղակայվելու են հեռու տեղադրված սերվերի վրա)։
Microsoft-ի կողմից գործառնական նոր համակարգի մշակման մասին լուրերը տարածվել էին վաղուց, սակայն պաշտոնապես հաստատվել են միայն այն ժամանակ, երբ լրագրողներին ցույց են տվել ընկերության ներքին փաստաթղթերում նկարագրված նոր տեխնոլոգիան։ «Midori-ն այն բազմաթիվ նախագծերից է, որոնց վրա աշխատում ենք։ Այժմ այն մշակման նախնական փուլում է»,- նշել է Microsoft-ի ներկայացուցիչը։










