10 ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն այս տարի այլ երկրների հետ համատեղ կիրականացնի 10 հնագիտական ծրագիր
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն այլ երկրների հետ համատեղ այս տարի կիրականացնի 10 հնագիտական ծրագիր, որոնց մի մասն արդեն մեկնարկել է։ Ինչպես տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, իրականացվելու են հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-իտալական, հայ-ամերիկա-իռլանդական, հայ-գերմանական ծրագրեր։ Պ. Ավետիսյանը, կարևորելով բոլոր ծրագրերը, առանձնացրեց հայ-ամերիկյան «Արագած»-ը, որը Հայաստանում իրականացվում է արդեն 10 տարի։ Ըստ Պ. Ավետիսյանի` պեղումների արդյունքները բացառիկ են. հուշարձանները վերաբերում են բրոնզե և վաղ երկաթե դարաշրջանին։ «Հետազոտական աշխատանքներում կարևոր քայլերից մեկն այն է, որ հայտնաբերված նյութերի լաբորատոր քննություն է իրականացվում այլ երկրներում, նրանց միջոցներով, որոնց հետ համատեղ հետազոտություններ են կատարվում. նման ծրագրեր Հայաստանում քիչ են կատարվել»,-ավելացրեց Պ. Ավետիսյանը։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Ֆրանսիայի Լիոնի համալսարանի «Մեզոն դե Օրիենդ» հնագիտական կենտրոնի հետ իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում կատարվում է Հայաստանի քարեդարյան հուշարձանների ուսումնասիրություն. աշխատանքներն ավարտելուց հետո արդյունքների մասին հրատարակվում են գրքեր։ Պ. Ավետիսյանը բոլոր աշխատանքներում կարևորեց երիտասարդ կադրերի ընդգրկվածությունը թե Հայաստանից, թե այլ երկրներից։ Նրա խոսքով, տարիներ շարունակ Հայաստանում աշխատող այլ երկրների երիտասարդները դառնում են Հայաստանի հնագիտության մասնագետ` ՀՀ հնագիտության խնդիրների մասին բարձրաձայնելով երկրի սահմաններից դուրս այլ երկրների համալսարաններում։
Ինստիտուտի տնօրենի տեղեկացմամբ, իրենք առաջին անգամ կարողանում են արտասահմանյան գործընկերների հետ հայոց մշակութային ժառանգությունը հանրությանը ներկայացնել։ «Դա շատ կարևոր է, որովհետև եթե ես պարբերաբար խոսեմ մեր նախնիների կատարած աշխատանքների, դրանց արդյունքների մասին, ինձ կհամարեն ազգայնամոլ։ Իսկ երբ այդ ամենն ասվում է այլ երկրների մասնագետների կողմից, արդյունքներն արդեն ընդունելի են դառնում աշխարհի համար»,-ասաց Պ. Ավետիսյանը։ Հնագիտական աշխատանքներում կիրառվում են նաև արտասահմանյան գործընկերների սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ ուսումնասիրություններ կատարել։ «Հայկական հնագիտության խնդիրները դառնում են համաշխարհային հնագիտության հիմնախնդիրների բաղկացուցիչ մաս»,-ասաց նա։
Պ. Ավետիսյանը նշեց նաև, որ Հայաստանում հնագիտության մասնագետներ քիչ կան. նրանց թիվը ողջ հանրապետությունում 35 է։










