Ավարտվեց Էլ. բովանդակության համահայկական երրորդ մրցույթը. Tert.am–ը՝ լավագույնների թվում
Դեկտեմբերի 27-ին Երևանում՝ «Մոսկվայի տանը», ամփոփվեցին ինտերնետային կայքերի միջև էլ. բովանդակության մրցույթի արդյուքները։ Էլ. բովանդակության համահայկական երրորդ մրցույթն անցկացվեց 2008թ. նոյեմբերի 15–ից մինչև դեկտեմբերի 15–ը. այն նվիրված էր հայոց տպագրության 500–ամյակին։ Մրցույթում ընդգրկված էին 377 աշխատանքներ, որոնց թիվն ավելի քան 30 տոկոսով ավելի էր, քան նախորդ մրցույթին մասնակցած կայքերի թիվը։ Մրցույթի կազմակերպիչներն էին Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլ. Բովանդակության Հայկական Ասոցիացիան (ԷԼԲԱ), գլխավոր հովանավորներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստան Համահայկական հիմնադրամը և Վիվասել ՄՏՍ–ը, հովանավորներն էին՝ «Այքան Քոմյունիքայշնս», «Մայքրոսոֆտը», «Զիգզագ Էլեկտրոնիկս», «ԻՊԻՋԻ ԼԱԲՍ ԷՅԵՄ ՏՈՒՄՕ» և «Արմինկո» ընկերությունները, աջակիցներն էին՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդը և «Բի Լայն» ընկերությունը։
Ըստ կազմակերպիչների՝ մրցույթի նպատկան էր բացահայտել հայկական էլ.բովանդակության ոլորտի 2007-2008թթ. նվաճումները, հասնել գերազանցության դրանց ստեղծման և տարածման մեջ, Հայաստանի արտադրողների համար ստեղծել հիմք՝ միջազգային ասպարեզում իրենց արտադրանքը և նվաճումները ներկայացնելու համար։
Ինչպես և նախորդ անգամ, այս տարվա մրցույթը նույնպես անցկացվեց Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգերով, այն է՝ էլ.ուսուցում, էլ. առողջապահություն, էլ. գիտություն, էլ.ժամանց, էլ.բիզնես, էլ.կառավարում և էլ.ներգրավում։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին ինչպես բացարձակ ցուցանիշներով (ամենաբարձր միավորներ հավաքած) լավագույն առաջին տասնվեց աշխատանքները, այնպես էլ իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված առաջին երկու աշխատանքները: Առաջիններն արժանանացան դրամական պարգևների, իսկ երկրորդները` ստացան մուլտիմեդիա համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթին (Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաշխություն - WSA) մասնակցելու ուղեգրեր:
Ամենաբարձր գնահատական ստացած առաջին 8 աշխատանքների համար սահմանված էր դրամական մրցանակ` յուրաքանչյուրը 300,000-ական դրամ: 9-ից մինչև 16-րդ լավագույն աշխատանքներից յուրաքանչյուրի համար սահմանված էր 150,000-ական դրամ:
Նշենք, որ մրցույթին մասնակցեց նաև Tert.am–ը և հաջողության հասավ միանգամից երկու ոլորտում։ «Մեդիա Սթայլ» ՍՊԸ–ի և «Հելիքս Քընսալթինգ» ընկերության կողմից ստեղծված մեր կայքը լավագույնը ճանաչվեց էլ.ներգրավում անվանակարգում։ Տվյալ անվանակարգում ներկայացված աշխատանքները պետք է աջակցեն Հայաստանում տեղեկատվական հասարակության գոյացմանը, նպաստեն «թվանշանային խզվածքի» նվազեցմանն այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են գյուղական համայնքները, կանայք և այլն: Հաղթանակ տանելով էլ.ներգրավում անվանակարգում՝ Tert.am–ը հնարավորություն ստացավ մասնակցել Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաբաշխությանը (WSA)։
Բացի այդ, Tert.am–ը հայտնվեց 8 ամենաբարձր գնահատական ստացած աշխատանքների ցուցակում և մեր կայքին շնորհվեց 8 գլխավոր մրցանակներից մեկը:
Էլ. բովանդակության համահայկական երրորդ մրցույթի գլխավոր մրցանակներ ստացած աշխատանքների ցուցակ.
www.Tert.am
www.locator.am` շարժական օբյեկտների արբանյակային GPS վերահսկողության և անվտանգության համակարգ
www.genocide-museum.am` Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ
www.backtoarmenia.am` Տունդարձ Հայաստան
www.armedu.am` Հայկական կրթական պորտալ
www.arminco.am` «Արմինկո» ընկերության կորպորատիվ կայք
www.nature-ic.am/ccarmenia`Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի վեբկայք
www.aipa.am` ՀՀ մտավոր սեփականության գործակալության կայք
Էլ. բովանդակության համահայկական երրորդ մրցույթի առաջին կարգի մրցանակ ստացած գործերի ցուցակ.
www.ecolur.org` էկոլուր ցանց
www.noravank.am` Նորավանք հիմնադրամ
www.35mm.am` Վիրտուալ ֆոտոակումբ
www.psrc.am` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
www.armenianarchitecture.am` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն
www.khachqar.am` Խաչքար
www.armstat.am` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
www.javakhk1915-23.com ` Ջավախք 1915-23
Էլ. բովանդակության համահայկական երրորդ մրցույթի անվանակարգային գլխավոր մրցանակ ստացած գործերի ցուցակ
էլ.ներգրավում՝ www.Tert.am
էլ.մշակույթ՝ www.armenianarchitecture.am
էլ.բիզնես՝ www.locator.am
էլ.ժամանց՝ www.35mm.am
էլ.կառավարում՝ www.backtoarmenia.am
էլ.ուսուցում՝ www.armedu.am
էլ.առողջապահություն՝ www.healthrights.am
էլ.գիտություն՝ www.genocide-museum.am
Հատուկ մրցանակներ՝
Էլ. մայրենի՝ www.translator.am
Էլ.հայագիտություն՝ www.armacad.org










