Եվրոպան սկզբունքորեն խանգարել կարող է մի պարագայում՝ եթե փորձի համաձայնության գալ Ռուսաստանի հետ․ Հակոբ Բադալյան

21:00 • 10.11.26

Աբու Դաբիում այսօր ավարտվել է ռուս–ուկրաինական բանակցության առաջին օրը, որ անցկացվել է ԱՄՆ միջնորդությամբ։ Մեծ հաշվով ասելու բան թերեւս չկա, գոնե առայժմ։ Այսինքն, չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ, ու թերեւս իրատեսական էլ չէ սպասել, անգամ հաջորդ օրերին։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Գլխավոր իրադարձությունը՝ բոլոր դեպքերում, սպասվում է առաջիկայում Ժենչժենում, որտեղ կայանալու է Ասիախաղաղօվկիանոսյան կազմակերպության գագաթնաժողովը եւ որտեղ սպասվում է եռյակի՝ ԱՄՆ, ՌԴ եւ Չինաստանի նախագահների հանդիպումը։

Եվ իհարկե առավել թերեւս առանցքային է այն, թե ինչ է սպասվում Իրանի շուրջ։ Այստեղ կամաց–կամաց կուտակվում են լիցքեր, դա ակնառու է։ Ընդ որում, դրանց կուտալկումը առաջացնում է հարց՝ ինչպե՞ս կարող է այդ կուտակումը չկրակել։ Վերջին հաշվով, կուտակումը փող է, քանի որ այդ ահռելի օդուժն ու տեխնիկան այնտեղ տեղափոխելու համար ծախսվում են միլիոններ։

Սրան զուգահեռ, ԱՄՆ պաշտպանության նախարար Հեգսեթը ազդարարել է, որ սկսել են ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարույան աննախադեպ մասշտաբային վերանայում, որը ենթադրելու է Եվրոպայի անվտանգության սուբսիդիայի դադարեցում։

Այդ ընթացքում Եվրոպան տագնապ ու դժգոհություն է արտահայտում Թրամփի հայտարարությունից, որ Ռուսաստանի հետ քննարկում են ոչ միայն Ուկրաինա, այլ նաեւ Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետություն։ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարում է, որ խանգարելու են։ Ինձ թվում է, որ խանգարելու հնարավորություն իհարկե ունեն, բայց ավելի շատ՝ ընդամենը համաձայնությունը երկարաձգելու իմաստով։ Իսկ սկզբունքորեն խանգարել կարող են մի պարագայում՝ եթե իրենք փորձեն համաձայնության գալ Ռուսաստանի հետ»,-գրել է նա։