Հովիկ Աբրահամյանն ընտրվել է տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ

17:44 • 06.02.09

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից բուհի խորհրդի նախագահի ընտրությունն էր։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վստահության համար և երկրի կրթական բարեփոխումների համատեքստում ներկայացրեց համալսարանի անելիքների վերաբերյալ իր մոտեցումները.

«Ներկա փուլում բարձրագույն կրթական համակարգի զարգացումը և բարեփոխումները խիստ կարևորվում են պետության կողմից։ Կրթական բարեփոխումների հիմնական խնդիրն է կրթության որակի բարելավումը և ներկայիս աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստումը», – իր խոսքում մասնավորապես նշել է Հովիկ Աբրահամյանը։

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 27 անդամները միաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ ընտրեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։

Համալսարանի նորընտիր ղեկավարը հավաստիացրեց, որ ամեն ինչ կանի` իր նպաստը բերելու բուհի զարգացման գործում։

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ խորհրդի նիստը շարունակեց բուհի` 2008 թվականի ուսումնագիտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին, նախորդ տարվա բյուջեի կատարմանը, ընթացիկ տարվա բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին, ՀՊՏՀ կանոնադրության փոփոխություններին վերաբերող օրակարգային հարցերի քննարկումները։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստի ավարտից հետո Ազգային ժողովի նախագահը շրջայց կատարեց բուհի նորակառույց մասնաշենքում։ Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է։