Microsoft-ը քիթը խոթում է բջջային հեռախոսների մեջ

08:55 • 10.02.09

Ծրագրային ապահովման ամերիկյան Microsoft կորպորացիան Windows Mobile գործավար համակարգի հիման վրա աշխատող նոր ծրագրեր և ծառայություններ է նախապատրաստում բջջային հեռախոսների համար: Ընկերությունը ծրագրում է ինտերնետային հատուկ խանութ ստեղծել, որը հնարավորություն կտա բջջային հեռախոսների համար ծրագրեր ներբեռնել (2008թ. ինտերնետային նմանատիպ խանութ ստեղծեց Apple-ը):

Microsoft-ը խոստացել է մարտին թողարկել բջջային հեռախոսների համար նախատեսված գործավար համակարգի նոր տարբերակը՝ Windows Mobile 6.5-ը, որը տեխնոլոգիապես ավելի կատարյալ է լինելու: Նոր Windows Mobile-ի հիման վրա աշխատող սարքավորումներն իրենց սպառողական հատկություններով փոքր-ինչ կնմանվեն Apple-ի iPhone հեռախոսներին, որոնց հիմնական առավելությունն ինտերնետում հեշտ կողմնորոշվելու ունակությունն է:

IDC վերլուծական ընկերության տվյալները վկայում են, որ գործավար համակարգերի համաշխարհային շուկայում Windows Mobile-ի շուկայական մասնաբաժինը 2008թ. 11%-ից ավելացել է մինչև 13,3%: Նույն ժամանակահատվածում Apple-ին հաջողվել է այդ ցուցանիշը 3%-ից հասցնել 9%-ի: Շուկայում առաջատար դիրք են գրավում Symbian և Research in Motion համակարգերը: Nokia հեռախոսները հիմնականում օգտվում են Symbian-ից (2008թ. Symbian-ի շուկայական մասնաբաժինը 63%-ից նվազել է մինչև 48%): Blackberry հեռահաղորդիչներում կիրառվում է Research in Motion-ը (շուկայական մասնաբաժինը 9,9%-ից ավելացել է մինչև 15,5%):