Կառավարությունն աջակցելու է «Միջուկային բժշկության կենտրոնի» ստեղծման ծրագրին

18:02 • 19.02.09

Այսօրվա նիստի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել «Ա.Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի CICLONE-30 իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և ՀՀ-ում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստում նշվել է, որ բժշկության մեջ ախտորոշման նպատակով կիրառվող ռադիոնուկլիդների բարձր աստիճանի մաքրությունն ապահովելու, անցանկալի ռադիոնուկլիդներից ազատվելու համար մշակվել են իզոտոպների արտադրության բնապահպանական տեսակետից անվտանգ նոր մոտեցումներ, որպիսիք են արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաները։ Ռադիոնուկլիդների օգտագործման մատչելիության ապահովումը բժշկության և հարակից բնագավառներում հնարավորություն կտա Հայաստանում կատարվող աշխատանքները հասցնել եվրոպական մակարդակի։

Միևնույն ժամանակ, Քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի մի խումբ մասնագետներ նախատեսում են Երևանում ստեղծել ուռուցքաբանության ինստիտուտ։ Նշված ծրագրերը լրացնում են միմյանց, որի արդյունքում հնարվորություն է ստեղծվում Հայաստանը դարձնել Միջուկային բժշկության կենտրոն, որը տարածաշրջանում ռադիոնուկլիդների արտադրության, արտահանման և դրանց հիման վրա բժշկական ախտորոշման ու բուժման իրականացման բնագավառում կլինի միակը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 19 մլն եվրո։