Արցախյան պեղումների արդյունքները նվիրվեցին Արցախյան շարժման տարեդարձին

18:08 • 20.02.09

Արցախյան շարժման 21-րդ տարեդարձի առթիվ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուստում բացվեց Արցախի հնագիտական արշավախմբի հավաքած նյութերի ցուցահանդեսը:

Արցախի հնագիտական արշավախումբը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը, ում գլխավորությամբ նախորդ 5 տարիների ընթացքում պեղումներ են իրականացվել Շուշիում, Հանդաբերդի վանքում և Տիգրանակերտում: Սակայն մշակույթի նախարարությունն արշավախմբին աջակցում է առաջին անգամ:

Պեղումների ընթացքում մասնավորապես Շուշիում բացվել են ինչպես հնագույն դամբարաններ, այնպես էլ միջնադարյան քրիստոնեական հուշարձանների պատկանող նյութեր: Վերին Խաչեն գավառում գտնվող Հանդաբերդի վանքի տարածքում հայտնաբերվել են մոտ 180 խաչքարեր ու խաչաքանդակներ: Իսկ Արցախի Տիգրանակերտն ամբողությամբ նշված արշավախմբի պեղումների ընթացքում է ի հայտ եկել ու դարձել Տիգրանի անունը կրող միակ բնակավայրը, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:

Ցուցահանդեսը կոչվում է «Մշակութային հետազոտություններ Արցախում» և կգործի շուրջ մեկ ամիս, բացմանը ներկա էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարարներ, մշակույթի բազմաթիվ գործիչներ: