Աղվերանում կկայանա ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների ֆորումը
Փետրվարի 21-22-ին Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում կանցկացվի 2009թ.-ի առաջին «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» ֆորումը: Ֆորումի թեմատիկ քննարկումները մասնավորապես վերաբերելու են ՏՀՏ (Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ) ոլորտի այսօրվա մարտահրավերներին.
Ֆինանասկան ճգնաժամի հաղթահարում. պետություն-մասնավոր համագործակցություն ընդդեմ ֆինանսական ճգնաժամի:
Էլեկտրոնային անվտանգություն. էլեկտրոնային անվտանգությունը` ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգի բաղկացուցիչ:
Էլեկտրոնային սփյուռք. Հայեցակարգ և գործողություններ:
ՏՀՏ ոլորտի մաքսային հիմնախնդիրներ:
Հայաստանի ՏՀՏ ոլորտը 2008թ.-ին. հետազոտություն, վիճակագրական համակարգ:
Ֆորումին զուգահեռ Աղվերանում կանցկացվի նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 9-րդ Համագումարը:
Համագումարի ընթացքում կներկայացվեն զեկույցներ տեղական ՏՀՏ ոլորտի հայեցակարգային խնդիրների, ԻՏՁՄ 2008թ. ընթացքում իրականացրած գործունեության և 2009թ. ռազմավարական առաջնայինությունների վերաբերյալ: Կներկայացվի նաև գործառնական և ֆինանսական համապարփակ հաշվետվություն:
Համագումարը կեզրափակվի ԻՏՁՄ վարչության և նախագահի ընտրություններով:










