Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը միանում է «Գարնանն ընդառաջ» միջազգային նախագծին

20:55 • 21.02.09

2009թ. փետրվարից Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը (ASPB) հայտարարում է «Գարնանն ընդառաջ» համաեվրոպական ծրագրի սկիզբը և հրավիրում բոլոր երեխաներին, ինչպես նաև իրենց ծնողներին և ուսուցիչներին մասնակցելու չվող թռչունների վերադարձի դիտումներին։ Թեև Եվրոպայում այս հետաքրքրաշարժ ծրագիրը իրականացվում է յուրաքանչյուր տարվա գարնանը սկսած 2006թ-ից և այն արդեն ներառում է ավելի քան 30 երկրներ, Հայաստանը նոր է միանում այս նախաձեռնությանը։

Ձմեռը արդեն մոտենում է իր ավարտին և Հայաստանը պատրաստ է դիմավորելու գարունը և վերադարձող չվող թևավորներին։ «Գարնանն ընդառաջ» ծրագիրը Հայաստանում, BirdLife International-ի ներկայացուցիչ կազմակերպությունների կողմից իրականացվող “Spring Alive” համաեվրոպական ծրագրի մի մասն է կազմում։

Ծրագրի հիմնական նպատակն է հավաքագրել տվյալներ այն մասին, թե երբ են չվող թռչունները վերադառնում իրենց բնադրման վայրեր։ Այս ծրագիրը արժևորվում է նրանով, որ ունի մեծ աշխարհագրական տարածվածություն և միաժամանակ ապահովում է տեղի բնակիչներից տվյալների զուգահեռ հավաքագրումը Եվրոպայի տարբեր երկրներից։

Ծրագրի շրջանակներում, դիտումների համար ընտրվել են Եվրոպական մայր ցամաքի համար 4 առավել տարածված չվող տեսակներ` Սովորական կկու, Գյուղական ծիծեռնակ, Սպիտակ արագիլ և Սև մանգաղաթև։ Այս բոլոր տեսակները լայնորեն տարածված են նաև Հայաստանում և հանդիպում են մեր երկրի նույնիսկ ամենահյուսիսային շրջաններում։

Մասնակցել «Գարնանն ընդառաջ» ծրագրին դյուրին է և հետաքրքիր։ Պարզապես դուրս եկեք տնից և հետևեք թռչուններին։ Դուք տեսա՞ք 1-ին գյուղական ծիծեռնակին, սև մանգաղաթևին կամ սպիտակ արագիլին, կամ լսեցի՞ք կկվի ձայնը։ Տեղեկացրեք բոլորին որ գարունն արդեն եկել է Հայաստան, այցելեք www.springalive.net էլ. կայքը, ընտրեք ձեր երկիրը և լրացրեք ձեր դիտարկումների արդյունքները online թերթիկում, կամ պարզապես զանգահարեք «թեժ գիծ» (010) 20 87 25 հեռախոսահամարով և հայտնեք ձեր 1-ին դիտարկումների մասին։