Վարչապետը չի բացառել, որ նոր ատոմակայանի նախագծին կարող են մասնակցել նաև թուրքերը

16:02 • 28.02.09

Պատասխանելով Հայաստանում կառուցվելիք ատոմակայանին ռուսական կողմի հնարավոր մասնակցության մասին հարցին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը համագործակցում է ռուսական գործընկերների հետ և Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է իր ռուս գործընկեր Իգոր Լևիտինի հետ` որոշակի հստակեցումներ մտցնելով միջոցառումների ժամանակցույցի մեջ: Վարչապետը նաև նշել է, որ ռուսական կողմը տեղյակ է պահվել միջազգային մրցույթի մասին, որը կավարտվի մարտի 13-ին, և որի ընթացքում կընտրվի նոր օպերատոր, որն էլ կիրականացնի նոր ատոմակայանի ամբողջական նախագիծը:

Ռուսական կողմը վերահաստատել է իր հետաքրքրվածությունն այդ ծրագրին մասնակցելու առումով: Պատասխանելով այդ ծրագրին Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցին՝ վարչապետը պատասխանել է.

«Մենք ենթադրում ենք, որ ընդհանուր սեփականատիրական իրավունքների բաշխման ժամանակ կլինի որոշակի տեսակարար կշիռ, որը մենք ազատ շրջանառության մեջ կդնենք և հրավիրելու ենք գործարարների մասնակցելու այս նախագծին: Այդ իմաստով մեզ համար հասկանալի է նաև, որ այն առաջին հերթին հետաքրքիր է լինելու տարածաշրջանի երկրների համար, և մենք այդ առումով բաց ենք։ Ծրագրի իրականացման ժամկետները դեռ հստակ չեն, քանի որ վերջնական չեն նաև հաշվարկները»: