Հայերն Opera են սիրում

11:13 • 28.02.09

Opera Software ընկերությունը հայտարարել է շարժական ինտերնետի բնագավառում նոր նվաճումների մասին: Միայն հունվարին շարժական (տեղադրված են բջջային հեռախոսներում) Opera Mini և Opera Mobile բրաուզերների օգտատերերը ներբեռնել են 1 տերաբայթից ավելի տեղեկատվություն: Խտացման դեպքում ծավալը հավասար է շուրջ 122 մլն մեգաբայթի, եթե ինտերնետային կայքերի և պատկերների խտացումը միջին մակարդակի է (90%):

Opera Mini-ից ամենից շատ օգտվում են Ռուսաստանի, Ինդոնեզիայի, Ուկրաինայի, Չինաստանի և Հնդկաստանի բնակիչները: Պատահական չէ, որ Opera Mini-ի և Opera Mobile-ի օգտատերերի ամենից շատ այցելած ինտերնետային կայքերի առաջատար եռյակում ընդգրկվել է ռուսական Mail.Ru-ն:

Opera Software-ի ներկայացուցիչները հայտարարել են որ յուրաքանչյուր օգտատիրոջ այցելած ինտերնետային կայքերի ցուցանիշով Հայաստանն առաջատար է: Մեր երկրում յուրաքանչյուր օգտատեր ամսական միջինը 669 կայք է այցելում: Հայաստանին հաջորդում է Ուկրաինան, Ինդոնեզիան, Ղազախստանը և Ռուսաստանը (Ռուսաստանում յուրաքանչյուր օգտատեր ամսական միջինը 416 կայք է այցելում):

Հայաստանը 2008թ. առաջատար էր նաև Opera շարժական բրաուզերների օգտատերերի թվի ավելացմամբ: Ներկայում աշխարհում Opera շարժական բրաուզերների շուրջ 20 մլն օգտատեր կա: Opera Software-ի տվյալներով՝ իր շարժական բրաուզերների միջոցով փոխանցվող տեղեկատվության ծավալի աճի միջին տեմպը ամսական 10% է: