Հայաստանում մեկնարկում է Աստղագիտության միջազգային տարին
Շաբաթ օրը հայ լրոգրողներն այցելեցին Բյուրականի աստղադիտարան։ Հենց այս այցն էլ սկիզբ դրեց Աստղագիտության միջազգային տարվան նվիրված մի շարք միջոցառումներին։
Այցի ընթացքում լրագրողներին ներկայացվել են այս տարվա ընթացքում Հայաստանում անցկացվելիք միջոցառումները։ Բացի այդ, լրոգրողները ծանոթացել են Բյուրականի աստղադիտարանի գործունեության գերակայություններին, վերջին ձեռքբերումներին և արդի խնդիրներին։
Աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տարվա միջոցառումների համակարգող Արեգ Միքայելյանի խոսքերով՝ Հայաստանը 137 երկրների հետ մեկտեղ մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Աստղագիտության տարվա անցկացմանը։ Բոլոր մասնակից–երկրների համար մշակվել են հստակ նախագծեր, բնականաբար, դրանցից յուրաքանչյուրը կներկայացնի իր առանձին ծրագրերը։
Այսպես, ծրագրերից մեկի ՝«100 ժամ աստղագիտություն» շրջանակներում on-line ռեժիմով անցկացվելու են հաղորդումներ, բաց դռների օրեր։ Նախատեսված է նաև մեկ այլ ծրագիր՝ «Օրագիր», որի շրջանակներում հայտնի աստղագետները կպատմեն իրենց գործունեության մասին, կկսիվեն իրենց կենսագրության և ձեռքբերումների հետ կապված հետաքրքիր մանրամասներով և պատմություններով։
««Օրագիր»–ը յուրօրինակ հարցազրույց է, սակայն այս ծրագիրը կտարբերվի նրանով, որ աստղագետներն իրենց մասին կպատմեն հանրության համար առավել մատչելի ձևաչափով»,– ասել է Միքայելյանը։
Նա նաև ավելացրել է, որ Տարվա շրջանակներում ծրագրեր են նախատեսված նաև սիրողական մակարդակով աստղագիտությամբ զբաղվողների համար։ Նման ծրագրերց է «Պատուհան դեպի տիեզերք» նախագիծը, որի հիմնական նպատակը աստղագիտությունը հանրությանը ներկայացնելն է։ Միքայելյանի խոսքերով՝ այս ծրագրի շրջանակներում աստղագետները կպատասխանեն հանրությանը հետաքրքրող հարցերին։
Խոսելով ծրագրերի մասին, որոնք անցկացվելու են Հայաստանում, Միքայելյանը տեղեկացրել է, որ տարվա շրջանակներում նախատեսված է հատուկ գրականության հրապարակում, ինչպես նաև ճանաչողական ծրագիր լրագրողների և դպրոցականների համար։
«Մենք նախատեսում ենք հայերեն լեզվով հրապարակել երկնային մարմինների քարտեզներ, բացի այդ, գրականություն հրապարակել Բյուրականի աստղադիտարանի մասին»,– ասել է նա։
Մի շարք երկրներից զատ, «Օրագիր» ծրագիրը կանցկացվի նաև Հայաստանում։
Խոսելով միջոցառումների ֆինանսավորման մասին, որոնք նախատեսված է անցկացնել այս տարվա ընթացքում, Միքայելյանը տեղեկացրել է, որ պետությունը դրանց համար հավելյալ գումարներ չի տրամադրել։
«Մենք արդեն դիմել ենք որոշ գերատեսչությունների, մասնավորապես, Կրթության և գիտության նախարարությանը։ Արդեն պայմանավորվածություն կա, որ նրանք կաջակցեն միջոցառումների անցկացմանը»,– ասել է նա։
Միքայելյանի խոսքերով՝ Մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացվելու է աստղագիտության թեմայով նկարների ցուցահանդես։
Այցի ընթացքում աստղադիտարանի աշխատակիցները ներկայացրել են տարբեր թեմաներով զեկույցներ, այդ թվում՝ աստղագիտության ժամանակակից միտումների, հայկական աստղագիտության պատմության և այն մարդկանց մասին, ովքեր մեծ ավանդ են ունեցել գիտության զարգացման մեջ։
Այցի ավարտին լրագրողները նաև ծանոթացել են 2,6-մետրանոց աստղադիտակի հետ, որը տեղակայված է Բյուրականի աստղադիտարանում։










