Երևանի քաղաքապետարանը կոչ է անում երևանցիներին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խրոնիկ հիվանդություններին
«Ինչպես գիտեք, եղանակների փոփոխության հետ սրվում են որոշակի հիվանդություններ։ Այդ կապակցությամբ կուզենայի մեր համաքաղաքացիներին զգուշացնել, որ բոլոր նրանք, ովքեր ունեն տարբեր տեսակի խրոնիկ հիվանդություններ, չսպասեն, որ այդ հիվանդությունները սրվեն, այլ դիմեն իրենց բժշկին կամ էլ մոտակա բուժկենտրոն»,- նշել է այսօր ճեպազրույցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը։
Ըստ վերջինիս՝ բժշկին դիմելը կնպաստի, որպեսզի այդ հիվանդությունները ժամանակին ի հայտ գան։ «Հատկապես այստեղ մենք կարևորորում ենք, մասնավորապես, սրտանոթային, իմունային, շնչառական և նյարդային համակարգերի հետ կապված հիվանդությունները»,- նշել է Սողոյանը։
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել երևանցիներին չսպասել բարդությունների, այլ ժամանակին դիմել բժշկի օգնությանը։ Շարունակելով առողջապահության թեման՝ վարչության պետը հավելել է, որ դեռևս 2008թ. ամռանը կառավարությունը հաստատել է ազգային ռազմավարության շրջանակներում միջոցառումների ծրագիր, որը վերաբերում է 2008-2013թթ. բնակչության առողջության պահպանման ոլորտին։ Ծրագրի շրջանակներում 2008թ. ներկայացվել է ծրագրված միջոցառումների նախագիծը և փաթեթը։
«Նախագծի շրջանակներում նախատեսված է բժշկական ծառայությունների մատակարարման բարելավում»,- եզրափակել է Արմեն Սողոյանը։










