ԱԳՆ-ում քննարկեցին ՁԻԱՀ-ի հետ կապված խնդիրները
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՁԻԱՀ/ՄԻԱՎ գրասենյակի Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ֆրից Լհերիսոնին և նույն գրասենյակի նորանշանակ տարածաշրջանային համակարգող Մանոելա Գրոզդանովային, որը ՀՀ-ից կհամակարգի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված աշխատանքները Հարավային Կովկասի երեք հանրապետություններում։Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Հանդիպման ժամանակ պրն. Լհերիսոնը ներկայացրեց տկն. Գրոզդանովային` բարձր գնահատելով նրա մասնագիտական կարողությունները և աշխատանքային փորձառությունը և հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ, ինչ և նախորդ ներկայացուցչի պարագայում էր։ Նա նշեց, որ լիահույս է, որ Հայաստանը կկարողանա ձեռնարկվող քայլերի շնորհիվ հասնելու համընդհանուր հասանելիության մինչև 2010թ., ինչը նշաձող է աշխարհի բոլոր երկրների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման և աջակցության առումով։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունելով գրասենյակի կատարած աշխատանքը հանրապետությունում` վստահեցրեց, որ կառավարությունը հանձնառու է հասնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցում համընդհանուր հասանելիության։ Նա նաև պատրաստակամություն հայտնեց ակտիվորեն համագործակցելու նորանշանակ տարածաշրջանային համակարգողի հետ մեր երկրի առջև այս ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։










