432 հազար դոլարանոց փաստաթուղթ, որով կզարգացնեն մեր անտառները

14:02 • 04.03.09

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Արևելաեվրոպական տարածաշրջանային համակարգող Ֆ. Գուարիերին ստորագրեցին մի փաստաթուղթ, որով 2009-10թթ. FAO-ն Հայաստանում կիրագործի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ևս մի ծրագիր։ Խոսքը «Անտառների վերականգնում և անտառապատում» ծրագրի մասին է, որի իրականացման շահագրգիռ կողմերն են ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները, Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը, «Թրի Փրոջեքթ» (ծառերի ծրագիր) հասարակական կազմակերպությունը և Հայաստանի պետական ագրարային համալսարանը։

Ծրագրի անուղղակի շահառուն Հրազդանի տարածաշրջանի բնակչությունն է։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատասխանատու են ծրագրի իրականացման համար։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ծրագրի իրականացման համար կտրամադրի Հրազդանի տնկարանը` իր 15 հա ցանկապատված հողատարածքով, ենթակառուցվածքներով, գրասենյակային տարածքով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 432 000 ԱՄՆ դոլար է։ Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը։