Հայ լրագրողը միջազգային մրցույթում արժանացել է 7 խոշոր մրցանակներից մեկին

08:57 • 04.03.09

Օսլոյում գործող «Արտահայտման ազատության հիմնադրամը» և համբուրգյան ZEIT հիմնադրամը ընտրել են 2009թ-ի «Ռուսաստանի ազատ մամուլ» և «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցույթների հաղթողներին` 4 լրագրող և 3 թերթ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Լրագրողների մրցույթում Հայաստանից հաղթող է ճանաչվել երիտասարդ անկախ լրագրող Մարիաննա Գրիգորյանը, ով կարժանանա 10.000 եվրո դրամական պարգևի: Մարիաննան մրցանակի է արժանացել Հայաստանի ներքին քաղաքականությանն ու խոսքի ազատությանը վերաբերող հրապարակումների շարքի համար:

Մարիաննա Գրիգորյանը Երևանում հաստատված անկախ լրագրող է, ով հիմնականում թղթակցում է www.eurasianet.org ինտենետային թերթին, նախկինում աշխատել է www.armenianow.com շաբաթաթերթում` որպես լրագրող և խմբագիր: Սա Մարիաննայի 13-րդ մրցանակն է տարբեր տեղական և միջազգային մրցույթներում: Այս մրցույթին նրա թեկնածությունն առաջադրվել էր National Geographic Traveler Armenia ամսագրի գլխավոր խմբագիր և Patker լուսանկարչական գործակալության ղեկավար Ռուբեն Մանգասարյանի կողմից:

Մամուլի այս մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին Օսլոյում: