Թեստավորման կենտրոնի տնօրենը խոսել է միջանկյալ քննություններից

17:24 • 05.03.09

Միջանկյալ քննությունները նախ և առաջ օգնում են դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին և ծնողներին անընդհատ հետևել տվյալ աշակերտի կամ դասարանի առաջընթացին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը։

Նրա կարծիքով՝ մարտի 9–14–ին նշանակված գիտելիքների ստուգումը կօգնի հասկանալ, թե ինչ միջոցներ արժե ձեռնարկել աշակերտների առաջընթացն ապահովելու համար։
Մկրտչյանը տեղեկացրել է, որ միջանկյալ քննության օրը քննության նմուշը կտեղադրվի նաև Հայաստանի Կրթության և գիտությն նախարարության պաշտոնական կայքում։

Այսպես, 8–րդ, 9–րդ և 11–րդ դասարանի աշակերտները պետք է քննություն հանձնեն պարտադիր առարկաներից, որոնք են հայոց լեզուն և գրականությունը, մաթեմատիկան և Հայաստանի պատմությունը։ Իսկ 10–րդ դասարանի աշակերտները քննություն կհանձնեն ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից, աշխարհագրությունից և օտար լեզուներից։

Կենտրոնի տնօրենն ավելացրել է, որ այդ թեստը պետք է դիտարկել որպես միջանկյալ ստուգողական աշխատանք։
«Բնականաբար, այդ քննությունն աշակերտների մոտ վախ է առաջացնում։ Բայց նրանք մեկ անգամ պետք է ապրեն այդ վախը, ծանոթանան դրան, թե տեխնիկապես և թե հոգեպես, իսկ հետո կսովորեն»,– ասել է Մկրտչյանը՝ պատասխանելով դպրոցականների հոգեբանական ճնշման մասին Tert.am-իհարցին։
Ավելցանենք, որ գիտելիքների առաջին փորձնական ստուգումը հանրակրթական դպրոցներում անցկացվել է 2008թ. դեկտեմբերին։