Փակված մասնավոր ԲՈՒՀ–երի ուսանողներին այլընտրանք առաջարկեցին

15:10 • 06.03.09

Դեռևս 2008թ. Հայաստանի ԿԳՆ սկսեց անցկացնել հանրապետության մասնավոր բուհերի դիտարկում։ Ինչպես այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, այդ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Հայաստանում գործող 13 մասնավոր բուհեր զրկվել են լիցենզիայից։
Այդ բուհերի թվում փոխնախարարը նշել է «Ֆիրդուսի» համալսարանը, Գյուրմրիի «Կարին» օտար լեզուների ինստիտուտը։ Նրա խոսքերով՝ «Ֆիրդուսի» համալսարանի 4 ֆակուլտետներում սովորում են 11 ուսանող։ Բացի այդ, նա նշել է, որ լիցենզիայից զրկված 13 բուհերը Հայաստանում գործում են 6 և ավել տարի։

Ավետիսյանը տեղեկացրել է, որ այդ 13 բուհերի մոտ հազար ուսանողների կտրամադրվի այլընտրանքի հնարավորություն, և նրանք կկարողանան ուսումը շարունակել այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում։
«Այլ բուհում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող ուսանողների դիմումների ընդունումը կշարունակվի մինչև մարտի 20–ը»,– ասել է նա։

Խոսելով համալսարանների ուսման վարձերի տարբերության մասին՝ նախարարը հայտարարել է, որ ռեկտորների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի, ուսման վարձը կմնա նույնը։
Փոխնախարարը նշել է, որ համալսարանների ստուգումների գործընթացը կշարունակվի նաև հետագայում։ Այսպիսով, նման ստուգումներն անցկացվելու են յուրաքանչյուր կիսամյակ։