Սյունիքում բժիշկների լուրջ պակաս է զգացվում

15:31 • 06.03.09

«Առողջապահության համակարգում առաջին խնդիրը կադրային ապահովության խնդիրն է և ունենք ավելի քան 65 բժիշկ մասնագետների կարիք»,- այս մասին ասել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյան։

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) աջակցությամբ Սյունիք հասած լրագրողնեին Սյունիքի մարզը դիմավորեց մի շարք լուրջ խնդիրներով, որոնցից է նեղ մասնագիտական բժիշկների կադրային լուրջ խնդիրը։

«Կա շրջան, կա շրջանում ապրելու ու աշխատելու հասկացություն և կա հայրենիք, որը միայն Երևանով չի պայմանավորված։ Եթե մենք չկարողանանք այս ամենը հասցնել մարդկանց և, իհարկե, ստեղծել աշխատանքային պայմաններ, մենք միշտ ունենալու ենք բժիշկների պակասի խնդիր»,- ասում է Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը։

Ըստ նրա` խնդիրը բազմիցս բարձրացվել է, սակայն ոչ մի արձագանք.

«Հանդիպել ենք Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողների հետ, այն ուսանողների, որոնք իրենց արտադրական պրակտիկան մեզ մոտ են անցկացնում, բացատրել ենք խնդիրը,պայմանները, այն հարցերը որոնք կլուծենք նրանց համար, սակայն առ այսօր խնդիրը մնում է չլուծված»։ Կապանի բժշկական կենտրոնի մանկական նյարդաբան Բելլա Հայրապետյանը աշխատում է 49 տարի և ուրախությամբ կգնա հանգստի, եթե փոխարինող ունենա. «Ոչ ոք չի գալիս, հեռու է, պայմաններ չկան, նույնիսկ աղջիկս գնաց Երևան սովորելու ու հետ չեկավ»։

Ըստ Օրբելյանի` Կապանում խնդիրը օրհասական չէ, քանի որ դեռ ունեն «լավ մասնագետներ», սակայն մի քանի տարի հետո խիստ կդառա հոգեբույժների, ինֆեկցիոնիստների, հակատուբերկուլյոզային բժիշկների կադրային խնդիրներ։

Ըստ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ` մարզում կա 297, որոնցից 37-ը կենաթոշակային տարիքի են. «Ունենք անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի, վիրաբույժի, շտապօգնության մասնագիտական բժիշկների, էնդոկրինոլոգի և այլ նեղ մասնագետների կարիք»։