Քաղաքապետարանն առաջընթաց է արձանագրել ներառական կրթության ոլորտում
2009թ. ներառական կրթության ծրագրի իրականացման համար տրամադրվել է 190 միլիոն դրամ։ Այս մասին այսօր հայտարարել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
«2009թ. ներառական կրթության ոլորտում լուրջ առաջընթաց է դիտվում»,– ասել է նա՝ հավելելով, որ նման փորձ արդեն կիրառվում է Երևանի թիվ 21-րդ դպրոցում։
Փոխքաղաքապետի խոսքերով՝ այսօրվա դրությամբ ներառական կրթության ոլորտում սովորում են 537 մարդ, ծրագիրը համակարգում են 16 մասնագետներ և 24 ուսուցիչներ, ովքեր համապատասխան դասընթացներ են անցել։
Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ 2009թ. կավելանա նաև ավագ դպրոցների թիվը։ Այսպես, քաղաքապետարանի հսկողության ներքո գործում է մեկ ավագ դպրոց՝ Աջափնյակի թիվ 195–դր դպրոցը։ Եվս երկու դպրոց գործում է ԿԳՆ հսկողության ներքո։ Այս տարվա ընթացքում ավագ դպրոցների թիվը մայրաքաղաքում կհասնի 11–ի։
Արեյանը նաև ավելացրել է, որ մայրաքաղաքի քաղաքապետարանի հսկողության ներքո գործում է 201 դպրոց։ Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի աշակերտների թիվը հասնում է 109 հազար 739–ի, իսկ ուսուցիչների թիվը՝ 8.947–ի։
Արեյանը նաև նշել է, որ 2009թ. ֆինանսավորման ծավալները կազմում են 16 միլիարդ 932 միլիոն դրամ։










