Միջանկյալ քննությունները ցույց կտան դպրոցների իսկական պատկերը, կարծում են քաղաքապետարանում
Մարտի 9-ից 14-ը Երևանի միջնակարգ դպրոցների 8-11-րդ դասարաններում կանցկացվի գիտելիքների միջանկյալ ստուգում մի շարք առարկաներից։
«Միջանկյալ քննությունների նպատակը միանգամայն արդարացված է և տեղին: Դրանք հետապնդում են մեկ նպատակ` որակի գնահատում: Սա լավագույն մեխանիզմներից մեկն է, որով դպրոցի տնօրենի համար պարզ է դառնում իր հաստատությունում կրթության վիճակը»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Միջանկյալ քննությունները նախատեսված են 8-11-րդ դասարանների աշակերտների համար: Այսպես, 8,9 և 11-րդ դասարանների աշակերտները պետք է մի շարք պարտադիր առարկաներից քննություններ հանձնեն, մասնավորապես` հայոց լեզու/գրականություն, մաթեմատիկա և Հայաստանի պատմություն առարկաներից: Իսկ 10-րդ դասարանի աշակերտները քննություններ կհանձնեն ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից, աշխարհագրությունից և օտար լեզուներից:
Արեյանը անդրադարձել է կրթության ոլորտի ևս մեկ արդիական հարցի` միասնական պետական քննությանը:
Այս տարի միասնական պետական քննությունը կանցկացվի բոլոր առարկաներից: Թեստավորման և գնահատման կենտրոնն արդեն սկսել է հայտերի ընդունումը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 16-ն է:
Մարտի 9-ի դրությամբ` միասնական պետական քննության համար հայտ է ներկայացրել 10178 աշակերտ: Նշենք, որ 11-րդ դասարաններում սովորում է 10355 աշակերտ:










