«Թատերականացված բեմադրությամբ» չեմ պայքարում կաշառակերության դեմ, կարծում է ԵՊՀ ռեկտորը

13:05 • 13.03.09

«Ինչ վերաբերում է այդ ակցիային, ապա ես, միանշանակ, բացասական եմ վերաբերվում։ Համոզված եմ, որ կաշառակերության դեմ չեն պայքարում նման մեթոդներով։ Թատերականացված բեմադրությամբ չեն պայքարում կաշառակերության դեմ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ մեկնաբանելով «կաշառակերների» արշավը։

Հիշեցնենք, որ օրերս «Միասին» շարժումը ակցիա է կազմակերպել՝ ուղղված բուհերում կաշառակերության դեմ պայքարին։ Բուհերի պատերին, կանգառներում փարկցրել էին դասախոսների լուսանկարներ, որոնց վրա գրված էր կաշառակերներ։

Ըստ ռեկտորի՝ այդ ակցիայից «վատ հոտ է գալիս», քանի որ նման ձեռագրով շատ մարդկանց անհիմն մեղադրել են դեռևս 1937թ.։

Ռեկտորը նշել է, որ եթե մեկը մեղադրանքների ապացույցներ չունի, նա չի կարող տալ այս կամ այն գործընթացին իրավաբական գնահատական, դրանով պետք է զբաղվեն քննչական մարմինները։

«Այդ ակցիան բացարձակ զրպարտություն է՝ ոչ մի բանով չհիմնավորված և չապացուցված»,- հավելել է Սիմոնյանը։

Խոսելով պատճառների մասին, որոնք հիմք են հանդիսացել նման ակցիայի համար՝ ԵՊՀ ռեկտորը նշել է, որ արշավի համար առիթ կարող էր հանդիսանալ ինքնահաստատումը։

Սիմոնյանն ասել է, որ այդ մարդկանց գլխավոր նպատակը, իհարկե, կաշառակերության դեմ պայքարը չէ, այլ որոշ անձնական խնդիրների լուծում։ Ըստ վերջինիս՝ նա, ով պայքարում է կաշառակերության դեմ, աղմուկ չի հանում և տարբեր շոուներ չի կազմակերպում։

Ռեկտորը նաև անդրադարձել է հարցի բարոյական կողմին։ «Այն մարդկանց, որոնց լուսանկարներով ողողել են քաղաքը, մեծ բարոյական հարված է հասցվել»,- նշել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ այն «չհիմնավորված» մեղադրանքներից հետո դասախոսական կազմի ոչ մի ներկայացուցիչ իրեն պաշտպանված չի զգում։