Օմբուդսմենը կրթության նախարարին առաջարկում է վերացնել թույլ տված սխալը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Հայաստանի կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանին՝ նշելով, որ իր գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի Ահնիձորի՝ Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող անգարատիպ տարածքում, որը բնակիչների և երեխաների հավաստմամբ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն է, ու արձանագրել են, որ այն սղոցարան է, որտեղ տեղադրված են փայտ կտրող հաստոցներ։ Նշված տարածքում կատարվել են ֆոտո նկարահանումներ, որոնք տեղադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք էջում։
«Խումբը նշվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, ժամը 14.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածում, ցանկացել է հանդիպել դպրոցի տնօրինությանը, սակայն դպրոցի դուռը փակ է եղել և այն բազմիցս թակելուց հետո որևէ մեկի կողմից չի բացվել՝ մինչդեռ դպրոցի վառարանի ծխնելույզից արտանետված ծուխը թույլ է տվել ենթադրելու, որ այնտեղ մարդ է եղել։
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով՝ խնդրում եմ հայտնել՝ արդյոք վերոնշյալ տարածքը հանդիսանում է դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճ, եթե այո, ապա առաջարկում եմ վերացնել թույլ տրված խախտումները և արդյունքների մասին տեղեկացնել ինձ», – գրում է ՄԻ պաշտպանը։










