Կաշառակերությունը քաղցկեղի պես է, անհնար է դա բուժել, ասել է ԵՊՀ ռեկտորը

14:00 • 13.03.09

«Ոչ ոք չի ժխտում, որ կաշառակերությունը և կոռուպցիան գոյություն ունեն։ Այդ երևույթները գոյություն ունեն մեր հասարակությունում։ Ոչ մի երկրի ոչ մի նախագահ, ոչ մի ռեկտոր, նախարար և նույնիսկ քաղաքացի չի բացառում դա»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Նա նաև հավելել է, որ այդ երևույթն առաջացել է, երբ նախամարդը ծառից իջավ, և շարունակվում է մինչ այժմ։

Ռեկտորը նշել է, որ բոլոր մարդիկ բախվում են այդ երևույթներին իրենց ծնված օրվանից ՝ սկսելով մաղարիչից շոկոլադի տեսքով ընդհուպ մինչև խմիչքն ու փողերը։

«Ինչու՞ ենք մենք զարմանում։ Մի՞թե մենք առաջին անգամ ենք տեսնում կաշառակերություն։ Երբեք չի՞ եղել, որ դուք գործն արագացնելու համար դիմեք այդ քայլին։ Ցավոք, կաշառակերությունը եղել է և միշտ էլ կլինի, ինչքան որ մարդը կա»,- նշել է նա։

Սիմոնյանը հավելել է, որ դա դեռևս չի նշանակում, որ դրա դեմ չպետք է պայքարել։ Ըստ վերջինիս՝ կաշառակերությունը քաղցկեղի պես է, այդ հիվանդությունն ահնար է բուժել։ Սակայն անհրաժեշտ է քայլեր նախաձեռնել տվյալ երևույթը կասեցնելու համար։

Ռեկտորը նաև անդրադարձ է կատարել հասարակությունում արմատացած այն կարծիքին, որ կաշառակերությունը հիմնականում ծաղկում է կրթության ոլորտում։ Այդ համատեքստում Սիմոնյանը նշել է, որ, իհարկե, այդ ոլորտում կաշառակերություն կա, սակայն այն չի ծաղկում։

Ըստ ԵՊՀ ռեկտորի՝ այսօրվա դրությամբ դասախոսները հասարակությունում ամենաանապահով խումբն են կազմում, մեծամասնությունը աղքատիկ գոյություն է պահպանում։ «Այո՛, այդ մարդիկ ունեն թերություններ։ Հնարավոր է, որ ելնելով կյանքի դժվար վիճակից, տեսնելով, որ իր առջև նստած է մի մարդ, ում նպատակն է ստանալ գնահատական, նա գնում է այդ հանցագործության։ Բայց ոչ բոլորն են այդպիսին»,- հավելել է Սիմոնյանը։

Ռեկտորը նաև անդրադարձել է ուսանողների կրթական մակարդակին։ Ըստ վերջինիս՝ շատ հայ ուսանողներ, ովքեր բուհ են ընդունվում, չեն կարող նույնիսկ իրենց անուն-ազգանունը գրել։ Բացի այդ, 14 հազ. ուսանողներից 8 հազարը տարբեր լուծարումներ ունեն քննությունների և ստուգարքների հանձման հարցում։

«Եթե ես հեռացնեմ բուհից 4 հազ. ուսանող, այդ նույն օրը ես տուն չեմ հասնի, ինձ կպայթեցնեն հենց իմ գրասենյակում»,- նշել է ռեկտորը՝ հավելելով, որ այս հարցում հարկ է նաև հաշվի առնել ֆինանսական կողմը։

Սիմոնյանը նշել է, որ ԵՊՀ-ի տարեկան բյուջեն կազմում է 17 մլն դոլար, իսկ համեմատության համար մեջբերել է Մոսկվայի համալսարանի բյուջեն, որը կազմում է 1 մլրդ դոլար։