iPhone–ի 3G-ն մեծ գլխացավանք է ռուսական օպերատորների համար
Ռուսական «Կոմերսանտ» թերթը գրում է, որ Ռուսաստանում բջջային կապի երեք խոշորագույն օպերատորները՝ MTS-ը, «ՎիմպելԿոմը» և «ՄեգաՖոնը», բանակցում են Apple-ի հետ՝ վերջինիս iPhone 3G հեռախոսների գները նվազեցնելու համար: Գալիք երեք տարում MTS-ն Apple-ից պետք է 1 մլն հեռախոս գնի, իսկ «Վիմպելկոմը» և «ՄեգաՖոնը»՝ յուրաքանչյուրը 1,5 մլն:
Անցած տարվա տվյալները, սակայն, վկայում են, որ բջջային կապի ռուսական օպերատորներին հաջողվել է միայն 180 հազ. հեռախոս իրացնել, իսկ տարեսկզբից վաճառքները նվազել են 30-40%-ով: Բջջային հեռախոսների վաճառքների ծավալի անկման մասին նշում են նաև բջջային կապի սրահների «Եվրոսետ» ցանցում, թեև հստակ թվեր չեն ներկայացնում:
Ռուսական օպերատորները Apple-ին փորձում են համոզել վերանայել գործարքների պայմանները, մասնավորապես, նվազեցնել պայմանագրերով նախատեսված iPhone-ների քանակն ու գինը: «ՄեգաՖոնը» և «ՎիմպելԿոմը» հաստատել են Apple-ի հետ բանակցությունները, MTS-ը՝ ոչ: Apple-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ կորպորատիվ հարցերը երրորդ կողմի հետ չեն քննարկում:
Apple-ը ռուսական դիլերներին 8 գիգաբայթ հիշողությամբ iPhone 3G հեռախոսները վաճառում է €400-ով, 16 գիգաբայթ հիշողությամբ հեռախոսները՝ €470-ով: Այս գումարը չի ներառում ԱԱՀ-ն և մաքսային տուրքերը (ապրանքի գնի 23%-ը):










