Գիրությունը 10 տարով կրճատում է մարդու կյանքը
Ավելորդ կշիռը կրճատում է մարդու կյանքը երեք տարով, իսկ լուրջ գիրացումը՝ տասը տարով։ Այդ մասին գրում է Newsru.com-ը, հղում կատարելով The Guardian-ին։
Lancet բժշկական ամսագրի կողմից հրապարակված եզրակացությունները հիմնվում են գրեթե մեկ միլիոն մարդկանց տվյալների վրա, որոնք ստացվել են 57 տարբեր հետազոտությունների արդյունքում և որոնք անցկացվել են հիմնականում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
Գիտնականները պարզել են, որ գերքաշային մարդիկ, ում մարմնի զանգվածի ցուցիչը տատանվում է 30-35-ի սահմաններում, մահանում են երեք տարի շուտ, քան նորմալ կշիռ ունեցողները։ Լուրջ գիրացման դեպքում, երբ մարմնի զանգվածի ցուցիչը տատանվում է 40-50-ի սահմաններում, մարդու կյանքը կրճատվում է տասը տարով։
Օքսֆորդի կլինիկական հետազոտությունների բաժնի ներկայացուցիչ սըր Ռիչարդ Փեթոն, ով անցկացրել է հետազոտությունը, նշել է, որ դժվար է համոզել մարդկանց հետևել սննդակարգին։ «Շատ դժվար է նիհարել, մինչդեռ գիրանալ շատ հեշտ է»,- ասել է նա։










