Հաստատվել է Գիտությունների ակադեմիայի զարգացման հիմնադրամի հաշվետվությունը
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի 2008թ-ի հաշվետվությունը:
Հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը՝ ուղղված գիտական, գիտակրթական, սոցիալական, բարեգործական, բնապահպանական և այլ հանրօգուտ նպատակների իրականացմանը, բարերարների հետ տարվող աշխատանքները և ֆինանսական հաշվետվությունը:
Հիմնադրամի միջոցներից օգնություն է հատկացվել գիտական աշխատողների՝ թոշակառուների, կարիքավորների, ինչպես նաև ծանր հիվանդների:
Հիմնադրամը Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ 2008թ. անցկացրել է մրցույթ լավագույն գիտական աշխատանքի համար, որի արդյունքները կներկայացվեն ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում: ՀՀ ԳԱԱ ինստիտուտները հիմնադրամին են ներկայացրել 30 առաջարկություններ՝ դրանց առևտրայնացման նպատակներով:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահներն են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, խորհրդի անդամները՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, գործարար Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը, ամերիկահայ գործարար Հովսեփ Սարաֆյանը և ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահի առաջարկով ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանության արժանացրեց ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի հաշվետվությունը և քննարկվեցին հիմնադրամի հետագա անելիքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայությունը։










