Ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում ծայրաստիճան ցածր է

11:31 • 27.03.09

«Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաներ» վերջին զեկույցում, որը պատրաստվել է Միջազգային հեռահաղորդակցման միության կողմից, մի շարք ոլորտներին առնչվող մանրամասն տեղեկատվություն է ներկայացված, որին մենք այսօր ցանկանում ենք անդրադառնալ։

Բնական է, որ մեզ առավել շատ է հետաքրքրում Հայաստանին առնչվող հատվածը։ Ցավոք, զեկույցում զետեղված տեղեկությունները Հայաստանի համար բնավ էլ հուսադրող չեն` հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկիրը ներկայացվում է որպես ՏՏ կենտրոն։

Մասնավորապես, ինտերնետից մշատպես օգտվող մարդկանց քանակով Հայաստանը հետ է մնում ավելի քան հարյուր երկրներից։ Ընդհանուր ցուցակում ընդգրկված է 134 պետություն, իսկ մեր երկիրը զբաղեցնում է 105–րդ տեղը։ ԱՊՀ երկրներից միայն Տաջիկստանն է զիջում Հայաստանին՝ զբաղեցնելով նախավերջին տեղը։

Համաձայն զեկույցի՝ Հայաստանում յուրաքանչյուր 100 մարդուց միջին հաշվարկով ինտերնետից օգտվում են 5,75–ը։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այդ ցուցանիշը 8,19–ն է, Ադրբեջանում՝ 12,23, Ռուսաստանում՝ 21,05, Թուրքիայում՝ 17,73։

Ցուցակում Հայաստանի հարևաններն են Գամբիան՝ 5,87 և Ինդոնեզիան՝ 5,61։

Իսկ ահա առաջատար եռյակում են Հոլանդիան՝ 91,36, Նորվեգիան՝ 80.88 և Նոր Զելանդիան՝ 80.41։

Ավելի բարվոք է իրավիճակը անհատական համակարգիչների ոլորտում։ Այստեղ Հայաստանը գտնվում է 60-րդ տեղում՝ 9,85 ցուցանիշով։ Կարելի է փաստել, որ Հայաստանում ոչ բոլոր անհատական համակարգիչ ունեցողներն են օգտվում ինտերնետից։ Այս ցուցակում առաջին տեղում է Կանադան, որտեղ յուրաքանչյուր 100 մարդուց միջին հաշվարկով անհատական համակարգիչներ ունեն՝ 94,58–ը։