Համակարգչային խաղերը կարող են օգտակար լինել
Action ժանրի համակարգչային խաղերը կարող են բարելավել մարդու տեսողության որոշ չափորոշիչները։ Նման եզրակացության են եկել Ռոչեստերի համալսարանի գիտնականները։
Խաղերը, որտեղ խաղորդին առաջարկվում է մասնակցել մարտական գործողություններին, օգնում են բարելավել տեսողական ուշադրությունը և տարբերակել գունային երանգները։ Ավելի վաղ համարվում էր, որ դրան հնարավոր է հասնել ակնոցների կամ վիրաբուժական միջամտության ճանապարհով։
Այդ յուրօրինակ փորձին մասնակցել է մարդկանց երկու խումբ, որոնցից մեկը խաղացել է շարժական համկարգչային խաղեր, իսկ երկրորդը՝ հանգիստ։ Ինը շաբաթ անց՝ 50 ժամ խաղալուց հետո, առաջին խմբի մարդիկ սկսել են 43%-ով ավելի լավ տարբերակել մոխրագույնի երանգները և 58%-ով ավելի լավ ըմբռնել գունային հակադրությունները, մինչդեռ երկրորդ խմբի մասնակիցների շրջանում որևիցե բարելավում չի արձանագրվել։










