Հայաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններն այցելել են դպրոցականներին
Մարտի 27-ին Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը և Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլը համատեղ այց են կատարել ՄԹ Նոթինգհեմշիր կոմսության Հաքնել քաղաքի Հոլգեյթ դպրոց։ Այցելությունը նպատակ ուներ վերականգնելու Հոլգեյթի և 1988 թ. երկրաշարժից հետո Գյումրիում բրիտանական ֆինանսավորմամբ կառուցված Լորդ Բայրոնի անվան դպրոցների միջև հաստատված կապերը։
Դպրոցի տնօրենի և աշակերտական խորհրդի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու դպրոցների համագործակցության հեռանկարները, մասնավորապես` երկկողմ փոխայցելություններ կազմակերպելու, դպրոցներում Հայաստանի և ՄԹ օր նշելու, աշակերտների միջև փոստային գրագրության, ինտերնետային համատեղ կայքի միջոցով հաղորդակցվելու և այլ առաջարկներ։
Դեսպանները պատասխանել են աշակերտներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, լսել համագործակցության վերաբերյալ նրանց առաջարկները։ Հանդիպում է տեղի ունեցել նաև դպրոցի ղեկավար մարմնի` կառավարիչների խորհրդի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են նաև արվեստի բնագավառում երկու դպրոցների միջեւ համագործակցության հնարավորությունները (Հոլգեյթ դպրոցը մասնագիտացված է արվեստի ոլորտում)։
Այցի ընթացքում դեսպանների պատվին դպրոցի աշակերտները պատրաստել էին համերգային ծրագիր։










