Ովքե՞ր են պաշտպանում դոկտորականներ. վարչապետի հանձնարարականը

16:08 • 02.04.09

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշում է ընդունվել ՀՀ 2009-2010 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, սահմանվել է, որ 2009-2010 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` համաձայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի` իրենց տրամադրված տեղերի շրջանակում։

Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ կառավարության նախորդ` Աղվերանում տեղի ունեցած արտագնա նիստում խնդրի քննարկումից հետո, հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը` ուսումնասիրել դոկտորանտուրայի տեղերի խնդիրը, և այն մտահոգությունները, որ եղել են հարցի առնչությամբ, այդ ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ ապացուցվել են. «Այն փաստարկները, որ բերվում էին Աղվերանում, թե այդ տեղերը նպաստում են, որ մարդիկ` գիտության նվիրյալները, հնարավորություն ունենան դոկտորականներ պաշտպանելու, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` 3 օրվա ընթացքում ծանոթանալ դոկտորանտուրայի մասով հիշյալ ուսումնասիրության արդյունքներին` ընդգծելով հարցին որոշակի և իրատեսական մոտեցում ցուցաբերելու, նշված ոլորտներում որակական բարեփոխում իրականացնելու կարևորությունը