Հայաստանը միացել է «Աշխարհի շուրջ՝ 80 հեռադիտակների միջոցով» միջազգային ակցիային

17:49 • 03.04.09

Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԵՍԿՈ-ն հայտարարել է 2009 թվականն աստղագիտության միջազգային տարի։ Այս առիթով յուրաքանչյուր երկիր մի շարք միջոցառումներ է իրականացնում։ Հայաստանը նույնպես մասնակցում է այդ նախագծին։

Ծրագրերից մեկը, որն անցկացվելու է տարվա շրջանակներում, «Աշխարհի շուրջ՝ 80 հեռադիտակների միջոցով» միջազգային ակցիան է, որը մեկնարկել է այսօր։ Երկու օրերի ընթացքում յուրաքանչյուր մարդ, ով հետաքրքրվում է աստղագիտությամբ, կարող է ծանոթանալ աշխարհի ամենախոշոր հեռադիտակներին՝ չլքելով սեփական տան շեմը։ Հարավեվրոպական աստղադիտարանը կազմակերպել է ինտերնետային տեսահեռարձակում աշխարհի խոշորագույն 80 աստղադիտարանների հեռադիտակներից։ Ինչպես հաղորդել է tert.am-ին Բյուրականի աստղադիտարանի ավագ աշխատակից Արեգ Միքայելյանը, Հայաստանը կմիանա այդ ակցիային այսօր ժ. 20։00-ին։ Երկու ժամվա ընթացքում Բյուրականի աստղադիտարանի 2,6-մետրանոց հեռադիտակը կմիանա հեռարձակմանը։

Հավելենք, որ յուրաքանչյուր հեռադիտակին հատկացվելու է 20 րոպե։ Հեռարձակումը կարելի է դիտել http://100hoursofastronomy.org/webcast կայքում։

Նշենք, որ «Աշխարհի շուրջ՝ 80 հեռադիտակների միջոցով» ակցիային կմասնակցեն 130 երկրներ։