Զոհերը քիչ կլինեն, եթե հիվանդանոցները պատշաճ նախագծված ու կառուցված լինեն
«Այսօր, նշելով Առողջության համաշխարհային օրը, ԱՀԿ-ն ցանկանում է հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երկրաշարժերի, ջրհեղեղների, զինված ընդհարումների և արտակարգ այլ իրավիճակների դեպքում բազմաթիվ մարդկանց կյանք հնարավոր կլիներ փրկել, եթե հիվանդանոցները պատշաճ կերպով նախագծված և կառուցված լինեին, իսկ բուժանձնակազմը ավելի պատրաստված լիներ արձագանքելու նշված իրավիճակներին»,– ասվում է Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ Ժնևից տարածված մամլո հաղորդագրության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետություններին, հանրային առողջապահության մարմիններին և հիվանդանոցների ղեկավարներին է առաջարկում հիմնական այն վեց միջոցառումները, որոնց իրականացումը թույլ կտա ապահովել բուժհաստատությունների անվտանգությունն արտակարգ իրավիճակների ժամանակ: Նշված միջոցառումների թվում են բուժաշխատողների ուսուցումը, անվտանգ հիվանդանոցների նախագծումն ու կառուցումը, գործող բուժհաստատությունների ամրացումն ու համապատասխանեցումը անվտանգության ընդունված չափանիշներին` բնական աղետների, զինված ընդհարումների, վարակիչ հիվանդությունների բռնկումների և այլ աղետների դեպքում հաստատությունների կայունությունն, ինչպես նաև անձնակազմի և սարքավորումների ապահովությունը երաշխավորելու նպատակով:
«Այսօր, երբ աշխարհին սպառնում են կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, ավելի հաճախակի նկատվող եղանակի ծայրահեղ անբարենպաստ դրսևորումները և զինված ընդհարումները, բոլորս պետք է հնարավոր ամեն ինչ անենք աղետներից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո բոլոր քաղաքացիների համար ցանկացած պահի բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը:
Հաղորդագրության մեջ ԱՀԿ–ն կարծիք է հայտնում, որ Արտակարգ իրավիճակների ժամանակ շատ հաճախ առաջինը վնասվում են հենց բուժհաստատությունները, որի արդյունքում մահանում կամ վիրավորվում են բուժաշխատողներ, տուժածներին համապատասխան ծառայություններ չեն տրամադրվում, իսկ բուժհաստատությունները կառուցելու և սարքավորումներով զինելու նպատակով ծախսված ֆինանսական միջոցները և կատարված մեծ ներդրումները, փաստորեն, իզուր են վատնվում:
Ենթակառուցվածքին ուղղված համեմատաբար մատչելի ներդրումներն արտակարգ իրավիճակների դեպքում կարող են բազմաթիվ մարդկանց կյանք փրկել: Բավարար շենքային պայմաններ ունեցող բուժհաստատության ոչ-կառուցվածքային տարրերը շտկելու ծախսերը կազմում են հիվանդանոցի բյուջեի ընդամենը 1%, սակայն թույլ են տալիս պահպանել հաստատության արժեքի մոտ 90%:
Վարակիչ հիվանդությունների բռնկումները հանրային առողջապահության արտակարգ իրավիճակների մեկ այլ տեսակ են, և բուժաշխատողները պետք է պատրաստված լինեն դրանց դիմակայելու: Զինված ընդհարումներին մասնակցող բոլոր կողմերը պետք է հնարավորություն տան ընդհարումների գոտիներում գործող հիվանդանոցներին և այլ բուժհաստատություններին շարունակելու իրենց աշխատանքը միջազգային մարդասիրական օրենքին համապատասխան:
ԱՀԿ-ն կոչ է անում բոլոր պետությունների առողջապահության նախարարներին գնահատելու գործող բուժհաստատությունների անվտանգությունը և ապահովել նոր հաստատությունների կառուցումը համաձայն անվտանգության ժամանակակից չափանիշներին: Գործնական, արդյունավետ և քիչ ծախսատար մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են սարքավորումների պահպանությունը, արտակարգ իրավիճակների նախապատրաստվածության ծրագրերի մշակումն ու բուժաշխատողների համապատասխան ուսուցումը, հաստատությունները կդարձնեն ավելի անվտանգ, արտակարգ իրավիճակներին ավելի պատրաստված և ավելի ֆունկցիոնալ:
Հիմնական այն վեց միջոցառումները, որոնք կարող են իրականացվել պետության կառավարության, հանրային առողջապահության մարմինների և հիվանդանոցների և այլ բուժհաստատությունների ղեկավարների կողմից, ներկայացված են ստորև.
1. Գնահատել տվյալ հիվանդանոցի/ բուժհաստատության անվտանգությունը,
2. Պաշտպանել բուժաշխատողներին արտակարգ իրավիճակների ժամանակ և նրանց պատրաստել դիմակայելու դրանց,
3. Ծրագրել արտակարգ իրավիճակներում արձագանքման աշխատանքները,
4. Նախագծել և կառուցել աղետների նկատմամբ դիմացկուն հիվանդանոցներ,
5. Մշակել ազգային քաղաքականություն և ծրագրեր անվտանգ հիվանդանոցների վերաբերյալ,
6. Պահպանել սարքավորումները, դեղերը և բուժպարագաները:










