Աֆրիկյան ժանտախտը չի նահանջում. Լոռիում կարանտինը շարունակվում է

11:33 • 13.09.10

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Լորուտ և Մարց համայնքներում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածումը կանխելու նպատակով կարանտինային ահմանափակումները շարունակվում են։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը՝ նշելով, որ մարզում հիվանդության տարածումը կանխելու բոլոր միջոցառումներն իրականացվում են։ Վերջին երկու օրերին, ըստ մասնագետի, հիվանդության դեպքերը նվազման միտում են դրսևորել։ Վերոնշյալ երկու համայնքներում արդեն անկել և հարկադիր ոչնչացման է ենթարկվել ավելի քան 300 գլուխ խոզ։

Աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքերն այս երկու համայնքներում գրանցվել են օգոստոսի 26-ին։ Ավելի վաղ հիվանդությունը տարածվել էր նաև մարզի Դսեղ գյուղում։

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում հանրապետության մի շարք բնակավայրերում խոզերի շրջանում գրանցվել են աֆրիկյան ժանտախտի դեպքեր։ Հիվանդությունը մեծ տարածում է ունեցել հատկապես Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում։

Այս հիվանդությունը կարող է տարածվել անասնակերի, հիվանդ կենդանիների հետ շփման, ինչպես նաև միջատների միջոցով։

Նշենք, որ աֆրիկյան ժանտախտի դեմ պատվաստանյութ չկա։ Հիվանդության դեմ պայքարի միակ միջոցը հիվանդ կենդանուն սպանդի ենթարկելն ու խոր փոսերում թաղելն է։

Խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտի բռնկում հանրապետությունում գրանցվել էր նաև 2007թ.։

Աֆրիկյան ժանտախտը չի նահանջում. Լոռիում կարանտինը շարունակվում է