Բնապահպանները դժգոհում են. ինչո՞ւ իրենք չեն մասնակցել «Մաքուր հայրենիքի» մշակմանը
«Մաքուր հայրենիք» ծրագիրը նպատակ ունի հանրության լայն շերտերի մասնակցությամբ մաքրել և բարեկարգել հանրապետությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը՝ նշելով, որ պատժամիջոցներ կկիրառվեն այն ընկերությունների նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ծրագրի իրագործմանը։
Հիշեցնենք, որ «Մաքուր հայրենիք» ծրագիրը, որի գաղափարը վարչապետ Տիգրան Սարգսյանինն է, վերջերս է հաստատվել կառավարության կողմից։
Բնապահպան Կարինե Դանիելյանը դժգոհեց, որ բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից կազմված դաշինքը չի մասնակցել այս ծրագրի մշակմանը։ «Եթե մենք աշխատեինք, ծրագրի անունը կլիներ «Մաքուր և կանաչ հայրենիք»։ Ինչո՞ւ են շտապել և առանց մեզ հաստատել ծրագիրը»,- հարցադրում արեց Դանիելյանը։ Ի պատասխան՝ բնապահպանության նախարարության պաշտոնյան ցավ հայտնեց, որ բնապահպանական դաշինքին չեն ընդգրկել աշխատանքներում՝ կոչ անելով բնապահպաններին իրենց նեցուկ լինել այս գործում։
Կարինե Դանիելյանը, սակայն, շարունակեց. «Մի կողմից ասում եք մաքուր հայրենիք, մյուս կողմից Երևանում հակասանիտարական և համաճարակային իրավիճակ է ստեղծվում։ Եթե բնապահպանական հարցերը չեն լուծվում, «Մաքուր հայրենիքը» միայն սիրուն խոսքեր են մնում»։ Բնապահպանը մտահոգություն հայտնեց, որ եթե նախկինում չորացած ծառերն էին հատվում, ապա այսօր բիզնեսի ներկայացուցիչները ընտրովի ծառեր են հատում՝ օբյեկտներ պատրաստելու նպատակով։
Բնապահպան Գոհար Օգանեզովան չի հավատում, որ «Մաքուր հայրենիք»-ը կիրագործվի։ «Մաքուր հայրենիք հնարավոր է լինի միայն այն դեպքում, եթե ունենանք մաքուր բնություն։ Եթե մեկ անգամ գնում և մաքրում ենք զիբիլի կիրճը, դա չի նշանակում, որ մաքուր հայրենիք կունենանք։ Խոսրովի արգելոցում ռեստորան են կառուցում, ի՞նչ է դա թողնելու իր հետևից։ Այդտեղ աղբավայր է գոյանալու»,- իր մտահոգությունները հայտնեց բնապահպանը։
Նա կոչ արեց. «Ներեցեք, բայց սկզբում ձեր զիբիլը մաքրեք, հետո մաքուր հայրենիքից խոսեք»։
Կարինե Դանիելյանի խոսքով՝ բնապահպանները ողջունում են ծրագիրը, եթե իհարկե երկրի իրավիճակը համապատասխանի ծրագրին։










