Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները հուշագիր են ստորագրել
Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստը, որը վարում էր Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան: Բացման խոսքով հանդես է եկել Առողջապահության միջազգային կազմակերպության գլխավոր նախագահ Մարգարետ Չանը:
Նիստին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ:
Նույն օրը նախարար Քուշկյանը հանդիպում է ունեցել ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ստորագրվել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև փոխըմբռնման Հուշագիր: Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հարություն Քուշկյանը հանդիպում է ունեցել նաև անվանի բժիշկ, մանկաբույժ Լեոնիդ Ռոշալի հետ, այցելել մանկական անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտի տարբեր բաժանմունքներ, ծանոթացել աշխատանքին:










