Չիլիի հանքում փակված հանքափորերին դուրս կբերեն նոյեմբերի սկզբին

11:37 • 16.09.10

Agence France-Presse–ի փոխանցմամբ, չիլիական հանքահորի հորատման աշխատանքները կավարտվեն նոյեմբերի սկզբին։

Այս մասին սեպտեմբերի 15–ին հայտարարել է փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի գլխավոր ինժեները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ հորատումը կավարտվի դեկտեմբերի վերջից ոչ շուտ։

Սակայն գլխավոր ինժեների հաղորդմամբ, այս պահին փրկարարներն արդեն փորել են հանքագործներին երկրի մակերևույթից բաժանող 700 մետրից 300–ը։

Առայժմ փրկարարները միայն նեղ թունել են փորում, որը հետո պետք է լայնացնեն՝ հանքագործներին դուրս բերելու համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ին, Չիլիի Սան Խոսե հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով 33 հանքագործ փակված էին մնացել հորում։

Երկար ժամանակ նրանց մասին որևէ տեղեկություն չկար, միայն օգոստոսի 22–ին փրկարարները կարողացան մի փոքր անցք փորել, որով էլ հանքագործները գրություն էին ուղարկել՝ հայտնելով , որ ներսում փակված 33 հանքագործ կենդանի է։

Նույն ճանապարհով նրանց նաև դեղորայք, ջուր, սնունդ, նամակներ են փոխանցվում առ այսօր։

Նշենք նաև, որ փակված հանքագործներին դուրս բերելու համար միաժամանակ երկու հանքահոր է հորատվում։

Չիլիի հանքում փակված հանքափորերին դուրս կբերեն նոյեմբերի սկզբին