150 տնտեսվարողից միայն 5-ն են պահպանել սննդամթերքի արտադրության նորմերը

19:07 • 17.09.10

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունն այս տարի ստուգումներ է իրականացրել 150 տնտեսվարողների մոտ, ևս 20-ի մոտ ստուգումներն ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տեսչության պետ Գրիշա Բաղյանը՝ նշելով, որ ստուգումների արդյունքում 15 մլն դրամ տույժ ու տուգանք է գանձվել։ Միայն 5 տնտեսվարողի մոտ թերություններ չեն հայտնաբերվել։

Հայտնաբերված թերությունները բազմաթիվ են եղել՝ ժամկետանց, առանց մակնշման, թերի մակնշման, տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող սննդամթերքի առկայություն, սանիտարական կանոնների խախտում և այլն։ Հինգ տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք։ Արգելվել է այդ սննդամթերքի արտադրանքը և թերությունները շտկելու համար ժամանակ տրվել։

Կենդանական ծագման մթերքի ստուգումների արդյունքում 68 տնտեսվարող տուգանվել է, պետբյուջե վճարվել է 1.5 մլն դրամ։

Բաղյանի խոսքով՝ Գումի շուկայի հարակից տարածքում մսի վաճառքի կրպակներում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդտեղ վաճառվում է առանց անասնաբուժական փաստաթղթերի կենդանական ծագման մթերք, խախտված է տեխնիկական կանոնակարգը, արևի ուղիղ ճառագայթների առկայություն կա, սանիտարական նորմերը չեն պահպանվում։

Արդյունքում 18 տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կասեցվել է։ Այսօրվա դրությամբ 18-ից 12-ի աշատանքը վերսկսվել է, քանի որ թերությունները վերացվել են։ «Երկու սուբյեկտ, իմանալով, որ իրենց մոտ ստուգում է կատարվելու և շատ լավ իմանալով իրենց թերությունների մասին, էն գլխից փակել են իրենց կրպակները, գնացել ու մինչև օրս չեն բացում»,- նշեց Բաղյանը՝ հավելելով, որ այս անգամ իրենք շատ խիստ են եղել։

Մսամթերթի շուկայում ստեղծված անմխիթար վիճակը Բաղյանը կապում է սպանդանոցների բացակայության հետ։ «Մենք այսօր չունենք սպանդանոցներ, որտեղ մորթից հետո մսի որակն ստուգվում է, տրվում համապատասխան սերտֆիկատ, որից հետո միսն իրացվում է շուկաներում։ Մենք այսօր չունենք այդ հնարավորությունները, և ստիպված բակային մորթ է իրականացվում, որը լի է բացասական հետևանքներով»,- նշեց նա՝ հավելելով, որ հանրապետությունում սկսվել է սպանդանոցների կառուցման ծրագիր։

150 տնտեսվարողից միայն 5-ն են պահպանել սննդամթերքի արտադրության նորմերը