«Գեղամա» ռեստորանում վարակի աղբյուրը մարդն էր
«Գեղամա» ռեստորանում օգոստոսի 19–ին տեղի ունեցած հարսանյաց հանդեսի ժամանակ 41 մարդ թունավորվել էր ստաֆիլակոկից առաջացած տոքսիններից, որոնց աղբյուրը մարդն է։ Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Գյուղատնտեսության նախարարության՝ Սննդի անվտանգութան և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը՝ նշելով, որ ստաֆիլակոկը միկրոբների խումբ է, որն առաջանում է միայն կենդանի օրգանիզմում։ Դա առաջանում է այն մարդկանց օրգանիզմում, որոնց մոտ կա թարախային պրոցես։ Արտազատվելով արտաքին աշխարհ և ներթափանցելով մեկ այլ մարդու մարմին՝ այն ոչ մի բացասական ազդեցություն չի թողնում մարդու վրա, սակայն ջերմային համապատասխան պայմաններում զարգանում է և առաջացնում տոքսիններ։ Հենց այս տոքսիններն էլ մտնելով մարդու օրգանիզմ` առաջացնում են ստամոքսաաղիքային տրակտի լորձաթաղանթի քայքայում, բորբոքումներ և այլն։ Բաղյանի խոսքով՝ այս հիվանդությունից մահվան ելքեր չեն գրանցվում, հիվանդությունը բուժվում է կարճ ժամանակահատվածում՝ 1–2 օրվա ընթացքում։
Ըստ նրա՝ իրենց տեսչության աշխատակիցներն ուսումնասիրել են այն մթերքները, որոնցից պատրաստվել են աղցանները. նրանցում հարուցիչ չի հայտաբերվել,«իսկ երբ դրանք դարձել են աղցան, աղցանի մեջ և մարդու օրգանիզմում հայտնաբերվել է ստաֆիլակոկ»։
Բաղյանը նշեց, որ ռեստորանում բոլոր հակահամաճարակային միջոցառումներն իրականացվել են, իսկ տնտեսվարողը չի խոչընդոտել իրենց գործին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ռեստորանն այսօրվա դրությամբ գործում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ վարակի աղբյուրը մարդը չի եղել։










