Խոզերի աֆրիկյան ժանտախտը տարածվում է. ոչնչացվել է շուրջ 3000 խոզ

15:50 • 17.09.10

Խոզերի աֆրիկյան ժանտախտի հետևանքով հանրապետությունում այս տարի անկել և հարկադիր սպանդի է ենթարկվել շուրջ 3000 գլուխ խոզ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը՝ նշելով, որ այս հիվանդության էպիկենտրոն են համարվում Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերը, որոնք անտառներ ունեն։

Այսօրվա դրությամբ հիվանդությունը տարածված է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, Լոռու մարզի Լորուտ, Մարց և Շամուտ գյուղերում։ Այս բնակավայրերում հայտարարված է կարանտին, իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Մյուս մարզերում ևս ժամանակ առ ժամանակ աֆրիկյան ժանտախտի բռնկումներ են արձանագրվում. դեպքեր են գրանցվել Արագածոտնում, Արմավիրում, անգամ Երևանում։

Հիվանդությունը չարիք համարելով՝ Գրիշա Բաղյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դրա դեմ պայքարի միջոցներ չկան։ Վարակի տարածումը կանխելու միակ եղանակը հիվանդ կենդանուն ոչնչացնելն ու խորը փոսերում թաղելն է։

Վայրի տզերն այս հիվանդության տարածման միջոց են համարվում։ «Տզի օրգանիզմում 15 տարի վիրուսը մնում է։ Տիզը կարող է մի տերևի տակ մնալ 2-3 տարի, խոզը կողքով անցնի, մի հատ կծի էդ խոզին, և վարակը նորից տարածվի։ Հողի մեջ, ջրի մեջ, անտառի խաշանների, քարերի տակ վիրուսը մնում է երկար տարիներ և չի բացառվում, որ ցանկացած ժամանակ կարող է գլուխ բարձրացնել»,- նշեց Բաղյանը։

Ըստ նրա՝ հիվանդությունը 2007թ. Հայաստան ներթափանցել էր հարևան Վրաստանից, քանի որ այնտեղ սահմանային հսկիչ կետերում անասնաբուժական հսկողություն չեն իրականացնում։

Բաղյանը հույս ունի, որ կառավարարությունը մինչև տարեվերջ կանդրադառնա այս հարցին, և կլուծվի խոզատերերին փոխհատուցում տալու հարցը։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը տարածվում է. ոչնչացվել է շուրջ 3000 խոզ