Բիլ Գեյթսը ձգտում է մինիմալիզմի. ներկայացվել է Internet Explorer 9 բրաուզերի բետա տարբերակը

09:53 • 18.09.10

Սան Ֆրանցիսկոյում Microsoft ընկերությունը ներկայացրել է Internet Explorer 9 բրաուզերի (IE9) բետա տարբերակը: Նոր տարբերակը թողարկվել է էականորեն վերամշակված օգտատիրական միջերեսով (ինտերֆեյս). Բիլ Գեյթսի ընկերությունն արել է ամեն ինչ, որպեսզի այն ավելի մինիմալիստական լինի:

Միաժամանակ միջերեսը ներառում է գործառութային նորամուծություններ, ինչպես նաև ապահովում է ավելի բարձր արտադրողականություն ու անվտանգություն: Նշենք, որ IE9-ի արտաքինը նման է Google Chrome բրաուզերին: Հիմնական նորամուծություններից մեկը HTML5 ստանդարտի ընդլայնված աջակցությունն է: Բրաուզերի նոր գործառույթների թվում է օգտատիրոջ կողմից ընտրված վեբ էջերը Windows 7-ի գործիքների վահանակում ամրապնդելու հնարավորությունը: Նոր բրաուզերը տարբերվում է նաև նորացված միջերեսով. վերացված են ավելորդ մենյուն և սեղմակոճակները: Տեղ է թողնված միայն հրամանների տողի, ինչպես նաև մի քանի պարզ սեղմակոճակների համար:

Բրաուզերի գործողությունների կատարման արագության բարձրացման մասին Microsoft-ի հայտարարությունը պայմանավորված է հզոր պրոցեսորների և գրաֆիկական պրոցեսորի օգնությամբ վեբ էջերի արտապատկերման սարքային արագացման աջակցությամբ: Եթե նախկինում վեբ գրաֆիկայի վերարտադրման համար օգտագործվում էր համակարգչի պրոցեսորը, ապա այժմ` գրաֆիկական արագացուցիչը:

Ըստ ծրագրի մշակման մասնագետների` վեբ էջերն այժմ ավելի արագ պետք է բացվեն, ինչպես նաև թույլ կտան ազատել կենտրոնական պրոցեսորը` այլ խնդիրների կատարման համար: Բացի այդ` IE9-ի ներբեռնումների համար ներկառուցված մենեջերը պարունակում է պաշտպանական համակարգ, որն օգտվողին նախազգուշացնում է պոտենցիալ վնասակար ֆայլերի մասին:

Նշենք, որ ընթացիկ տարվա մարտից Microsoft ընկերությունը թողարկել է IE9-ի նախնական չորս տարբերակ, որոնք նախատեսված են, առաջին հերթին, ծրագրավորողների համար, որպեսզի նրանք գնահատեն արտադրանքի հնարավորությունները: IE9-ի օգնությամբ Microsoft-ը հույս ունի կանգնեցնել այլընտրանքային արտադրանքներից օգտվողների հոսքը: Ըստ ամերիկյան Net Applications վերլուծական գործակալության վիճակագրության` Internet Explorer-ի շուկայական մասնաբաժինն աստիճանաբար կնվազի:

Նշենք, որ 2007թ. մայիսից այն կրճատվել է ավելի քան 15%-ով: Ներկայում շուկայում նրա մասնաբաժինը կազմում է մոտ 60%: Համեմատության համար նշենք, որ 2003թ. Internet Explorer-ը գերադասում էին համացանցից օգտվողների 97%-ը: Ի դեպ` երկու տարի առաջ հայտնված Chrome-ին ներկայում բաժին է ընկնում շուկայի ավելի քան 7,5%-ը, իսկ Mozilla-ն, որ վերջերս թողարկել է Firefox 4 փորձնական տարբերակը, զբաղեցնում է բրաուզերների շուկայի մոտ մեկ չորրորդը:

Նշենք, որ Internet Explorer-ի դիրքերը նահանջել են այն բանից հետո, երբ Microsoft-ին արգելեցին հաստատել Explorer-ը Windows-ի օպերացիոն համակարգում` որպես լռելյայն բրաուզեր (by default): Բոլոր դեպքերում` փորձագետները կարծում են, որ դեռ վաղ է խոսել այն մասին, որ նոր Internet Explorer-ը կօգնի վերականգնել բրաուզերների շուկայում Microsoft-ի դիրքերը: Նրանց կարծիքով` IE9-ն առաջարկում է Firefox-ի և Google Chrome-ի արդեն գոյություն ունեցող տարբերակների ուշացած կրկնությունը:
Թեև հասցեի տողում որոնողական գործառույթները, ինչպես նաև download մենեջերի ի հայտ գալը համարվում են նորույթներ:

Բրաուզերների շուկայում Microsoft-ի համար լրացուցիչ խոչընդոտ կարող է դառնալ այն հանգամանքը, որ նորույթը չի աշխատում զարգացած երկրներում տարածված Windows XP-ի հետ և գործում է միայն Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերում: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։

Բիլ Գեյթսը ձգտում է մինիմալիզմի. ներկայացվել է Internet Explorer 9 բրաուզերի բետա տարբերակը