Թուրքիայի կրթության նախարարությունը Սուրբ խաչի պատարագի օրը հիշեց հայ երեխաներին բաժանված դասագրքերի մասին

14:38 • 19.09.10

Թուրքիայի կրթության նախարարությունը տպագրել է և անվճար դպրոցականներին կբաժանվի 193 միլիոն 925 հազար դասագիրք: Նման հայտարարությամբ, CNNTurk-ի փոխանցմամբ, այսօր հանդես է եկել Թուրքիայի կրթության նախարարության հրատարակչական բաժնի ղեկավար Ազիզ Զարենը՝ ընդգծելով, հայ դպրոցականներին բաժանվել է 24 հազար դասագիրք։

«Խնդրանք եղավ հայկական դպրոցների համար տպագրենք անվճար հայերեն դասագրքեր: Այդ առնչությամբ մեր նախարարը համապատասխան կարգադրություն արեց, մենք էլ տպագրել և անվճար այդ դպրոցներին ենք բաժանել 24 հազար հայերեեն դասագիրք»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի կրթության նախարարությունը հայտարարել էր, որ բնագիտություն և մաթեմատիկա առարկաներից հայերեն դասագրքեր է հրատարակելու երկրում գործող հայկական կրթօջախների համար:

Թուրքիայի կրթության նախարարությունը վստահեցնում էր, որ նման նախաձեռնությամբ է հանդես եկել ազգությամբ հայ մի ուսուցչի նամակը ստանալուց հետո: Ուսուցիչը, որի անունը չի նշվում, կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուին հղած նամակում խնդրել էր հայկական կրթօջախներին նույնպես տրամադրել անվճար դասագրքեր: Նախարարությունն ընդառաջել է հայ ուսուցչին և դպրոցներին անվճար դասագրքեր բաժանել:

Թուրքիայի կրթության նախարարությունը Սուրբ խաչի պատարագի օրը հիշեց հայ երեխաներին բաժանված դասագրքերի մասին