Facebook-ը հերքում է սեփական բջջայինի մշակման մասին լուրերը
Facebook սոցիալական ցանցը հերքել է սեփական բջջային հեռախոսի մշակման մասին լուրերը։ Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի ներկայացուցիչներն ասել են, որ այդ տեղեկությունը «ոչ լիովին է համապատասխանում իրականությանը», և նշել են, որ Facebook-ը «չի զբաղվում հեռախոսի արտադրությամբ»։
Բջջայինի ստեղծման մասին տեղեկությունը հայտնվել էր TechCrunch տեխնոբլոգում սեպտեմբերի 19-ին։ Նշվում էր, որ Facebook-ի մասնագետները զբաղված են հեռախոսի ծրագրային ապահովման մշակմամբ, իսկ դրա սարքավորումը պետք է հավաքի բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողներից մեկը։
Սոցիալական ցանցը, փաստորեն, չի հերքում, որ աշխատանք է տարվում նախագծի ուղղությամբ։ Facebook-ի հայտարարությունում միայն նշվում է, որ ընկերության ծրագրերում ներառված չէ միայն հեռախոսի մեկ մոդելի կամ Facebook-ով աշխատանքի համար ինտեգրացված ծրագրային լուծման մշակումը։










