Հայաստանի պետական մարմինների կայքերը հուսալիորեն պաշտպանված են

13:41 • 20.09.10

Սեպտեմբերի 20-ին կայացել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Քննարկվել է հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, մասնավորապես, հանձնաժողովի անդամները ներկայացրել են տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում ընդլայնվել է ինտերնետ տարածվածության աստիճանը, տեղեկատվական անվտանգության հայեցակարգի հաստատումից հետո ազգային անվտանգության ծառայության և պետական մյուս լիազոր մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ էականորեն բարձրացել է պետական մարմինների պաշտոնական կայքերի պաշտպանվածության մակարդակը:

«Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ մեր պետական մարմինների կայքերը հուսալիորեն պաշտպանված են»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման ծրագրին, որը նախատեսվում է ներդնել հաջորդ տարվանից: Տեղեկատվական անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է համապատասխան օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:

Նիստում որոշվել է մշակել Հայաստանում ռադիոսարքավորումների սերտիֆիկացման կարգը, որի ընդունումն էականորեն կբարելավի այս ոլորտում Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը: Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը։

Հայաստանի պետական մարմինների կայքերը հուսալիորեն պաշտպանված են