Կանացի քայլվածքը կամ առնական կեցվածքը դեռ հոմոսեքսուալիզմի վկայություն չեն. սեքսոպաթոլոգ

22:10 • 24.09.10

Հայաստանում միասեռականների թիվը ոչ շատացել է, ոչ էլ նվազել, պարզապես այսօր նրանց ավելի հեշտ է նկատել, քանի որ նրանք այլևս ծպտյալ չեն։ Այսօր մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։

«Ոչ շատացել են, ոչ պակասել են, թիվը նույնն է։ Վիճակագրության տվյալներով, հասարակության մեջ տղաների 5–6 տոկոսն են հոմոսեքսուալ, աղջիկների՝ 3–4 տոկոսը»,– հայտարարեց մասնագետը՝ պարզաբանելով, որ նախորդ տարիների համեմատ հիմա ամեն ինչ բաց է ու ազատ, ազատ է նաև հոմոսեքսուալների գործելու դաշտը, ինչի պատճառով էլ կարող է թվալ, թե նրանց թիվը շատացել է։

«Եթե հետադարձ հայացք գցենք, 5 տարի առաջ վիճակը նույնն էր, բայց ոչ էսպիսին։ Բնականաբար, արտասահմանյան օրենքների և այլ հոսանքների ազդեցության տակ դաշտը դառնում է ավելի ազատ, և իրենց շփումն ավելի տեսանելի է։ Ակումբներ են հայտնվում, փողոցներ, ազատ սկսում են շփվել։ Երբ անձը տեսնում է, որ կա ակումբ, որտեղ ինքը կարող է գնալ, ժամադրվել կամ որսալ նրան, ում ուզում է, բնականաբար, նա սկսում է ավելի ազատ դառնալ, հետո դա փոխանցում է իր հագուստին, այսինքն՝ սկսում է արդեն համապատասխանաբար հագնվել՝ ըստ այդ ոճի»,– ասաց Վրեժ Շահրամանյանը։

Մասնագետը բացատրեց, որ բժիշկներն առաջնորդվում են հիվանդությունների միջազգային դասակարգմամբ։ Հիվանդությունների վերջին վերանայումը, ըստ նրա, կատարվել է 1973թ., որի ժամանակ հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների շարքից, թողել են միայն մի ձևը, որը կոչվում է էկոդիստոնիկ հոմոսեքսուալիզմ։ «Դա այն դեպքն է, երբ անձը գալիս է բժշկի ու ասում է՝ ես ամուսնացած եմ կամ ունեմ զուգընկերուհի, բայց պարբերաբար ունեմ հակումներ նույն սեռի հանդեպ՝ կամ ռեալիզացված կամ ոչ։ Այ, երբ ինքն իր ցանկությամբ գալիս է ու ներկայանում, մենք ախտորոշում ենք ու բուժում, իսկ եթե ոչ՝ ոչ մի անձի դու չես կարող ասել՝ արի պարանը գցեմ քո վիզը, արի փորձեմ քեզ բուժել»,– ասաց Շահրամանյանը։

Հոմոսեքսուալիզմի պատճառները, ըստ սեքսոպաթոլոգի, շատ տարբեր են։ Կա 25 պատճառն, որոնցից կարևորը, մասնագետի հավաստմամբ, դաստիարակությունն է. «Օրինակ, երբ ընտանիքում շատ երկար ժամանակ սպասում են, որ պետք է աղջիկ ծնվի, տղա է ծնվում, տղային դաստիարակում են աղջկա ոգով։ Աղջկա հագուստ են տալիս, խաղալիքներ»։ Վրեժ Շահրամանյանի խոսքով, հոմոսեքսուալիզմը լինում է նաև ի ծնե, որն առաջանում է ներարգանդային զարգացման ընթացքում։

Մասնագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես կարելի է «հայտնաբերել հոմոսեքսուալներին»։ Շահրամանյանը նշեց, որ ինքը զարմանում է, երբ նուրբ քայլվածքով տղամարդուն կամ հակառակը՝ առնական կեցվածքով աղջկան պիտակավորում են որպես հոմոսեքսուալ։ «Դա այնքան դժվար է որոշել, որ նունիսկ բժիշկներս չենք կարող առաջին հայացքից ասել, մինչև չզրուցենք նրա հետ: Ընդհանրապես, մարդու օրիենտացիան կապ չունի նրա պահվածքի, վարքագծի հետ»,– ասաց նա՝ հավելելով, որ թե քաղաքական, թե մշակութային ու առհասարակ բոլոր բնագավառներում կան և հոմո, և հետերո և բիսեքսուալներ։

Կանացի քայլվածքը կամ առնական կեցվածքը դեռ հոմոսեքսուալիզմի վկայություն չեն. սեքսոպաթոլոգ