Ոչ պետական բուհերի ուսանողները կբերվեն միասնական քննությունների դաշտ

15:09 • 24.09.10

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթին հավանություն տալու մասին որոշման նախագիծը։

Խոսքն այն օրենսդրական նախաձեռնության մասին է, որը նպաստելու է մասնավոր և պետական բուհերի միջև իրավահավասար պայմանների ստեղծմանը։ Կառավարության նիստում Արմեն Աշոտյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ուսանողների իրավունքի ընդլայնում, ինչպես նաև լուծվում են մի շարք հարցեր, որոնք կապված են մասնագիտական կրթության համակարգի վերջին տարիների զարգացումների հետ։

«Օրենքի ընդունումը թույլ կտա հաջորդ տարի մասնավոր և պետական բուհերի հնարավոր դիմորդների համար ստեղծել հավասար պայմաններ այն տրամաբանության շրջանակներում, որ որդեգրել է կառավարությունը վերջին տարիներին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնությամբ ոչ պետական բուհերի ուսանողները բերվում են միասնական քննությունների դաշտ։

Միաժամանակ, նախարարը նշեց, որ չեն կարող լիարժեք իրավահավասար պայմաններում լինել ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող պետական բուհերը և ՍՊԸ կամ արտադրական կոոպերատիվ կամ անհատ ձեռներեցի կարգավիճակ ունեցող մասնավոր բուհերը։

Ոչ պետական բուհերի ուսանողները կբերվեն միասնական քննությունների դաշտ