Բոլոր կատակլիզմների պատճառը կարի՞ճն է

00:15 • 25.09.10

Աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մոլորակում տեղի ունեցող անոմալիաներին՝ դրանք բացատրելով Պրոզերպինա մոլորակի շարժումներով և Երկրագնդի նկատմամբ դրա ունեցած դիրքով։ Ինչպես տեղեկացրեց աստղաբանը, Պրոզերպինա մոլորակը մինչև 1984թ. եղել է կշեռքի նշանում, որից հետո մտել է կարիճի համաստեղություն:

«1984–ից Պրոզերպինա մոլորակը կարիճի նշանի տակ է, ինչը նշանակում է, որ մինչև 2050թ.այն կփոխի մարդու ներկայիս վիճակը։ Այսինքն՝ երկնային մակարդակով որոշումները կայացված են, և հիմա մնում է, որ մարդը հասցնի այդ որոշումների հետևից»,– ասաց մասնագետը։

Աստղաբանի խոսքով՝ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են հենց կարիճի նշանի առանձնահատկություններով։ «Գրեթե օր չկա, որ կատակլիզմներ չլինեն, արհավիրքներ չլինեն, մի ինքնաթիռ չընկնի, մի արտակարգ իրավիճակ չստեղծվի, հարյուրհազարավոր մարդիկ չմահանան։ Սա այն մասին է խոսում, որ երկրագունդը փոխում է իր վիճակը և ներկայիս առաջադեմ մարդկության խնդիրն է հասցնել այդ գործընթացների հետևից, որպեսզի ամեն ինչ լինի իր ընթացքի մեջ»,– ասաց Հովհաննիսյանը։

Գուրգեն Հովհաննիսյանը նաև ասաց, որ կարիճը դեռ հին խորհրդաբանական իմաստներով ունեցել է սեքսուալ իմաստ։ Եթե մարդիկ սեքսուալ խանգարումներ են ունեցել, նրանց համար թալիսմաններ են պատրաստվել կարիճների տեսքով։
 

Բոլոր կատակլիզմների պատճառը կարի՞ճն է